Ստեփան Սաֆարյանը փորձում է պարզել, թե ինչու ապրիլի 22-ին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասապրոցես չի կայացել
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցությունից:
Նամակով հարցեր ուղղելու և դրանց կապակցությամբ պաշտոնական պարզաբանում խնդրելու առիթ է հանդիսացել ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվությունը, որ ապրիլի 22-ին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասապրոցես չի կայացել ուսանողներին տուն ուղարկելու պատճառով: Ստեփան Սաֆարյանի նամակում մասնավորապես ասվում է.
«Օրերս զանգվածային լրատվամիջոցների թողարկումներից հայտնի դարձավ, որ ս.թ. ապրիլի 22-ին ԵՊՀ տարբեր մասնաշենքերում և ֆակուլտետներում դասեր տեղի չեն ունեցել, որի պատճառների մասին տարբեր աղբյուրներ տարբեր տեղեկություններ էին հաղորդում: Ղեկավարվելով ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետով (պատգամավորն իրավունք ունի հարցումներով և առաջարկություններով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը)` խնդրում եմ ներկայացնել նշյալ օրը դասերի չկայանալու պատճառները և համապատասխան որոշումներն ու դրանց իրավական հիմքերը: Բացի այդ, հաշվի առնելով, որ ԵՊՀ-ում վճարովի հիմունքներով սովորում են բազմահազար ուսանողներ, ովքեր ուսման վարձ են վճարում կրթություն ստանալու դիմաց, խնդրում եմ հայտնել` արդյո±ք այդ ուսանողների համապատասխան դիմումների հիման վրա նրանց կփոխհատուցվի մեկ ուսումնական օրվա համար հաշվարկված ուսման վարձը: Իսկ եթե ոչ, ապա ինչու± և ի±նչ հիմնավորմամբ: «Ժառանգությունը» հետամուտ է լինելու ուսանողության իրավունքների պաշտպանությանը և ակնկալում է, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակավ պարզաբանումներ ներկայացնի խնդրո առնչությամբ, քանի որ փաստի մասին բարձրաձայնել են բազմաթիվ լրատվամիջոցներ»: