«Ուսանողներն այսօր հստակ իրենց խնդիրները չեն ներկայացնում, սակայն ցանկանում են իրենց խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ»
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև առավոտյան ժամը 10:00-ին պետք է տեղի ունենար ուսանողական հավաք, որին պետք է հաջորդեր երթ` դեպի ՀՀ կառավարության շենք: Սակայն նշված ժամին ոչ երթի կազմակերպիչներն էին ներկա նշված վայրում, ոչ էլ այն ուսանողները, որոնք իրենց բողոքի ձայնն էին ցանականում տեղ հասցնել ՀՀ կառավարությանը:
Panorama.am-ի թղթակիցը կազմակերպիչներից փորձեց ճշտել, թե ինչու նշված ժամին երթը չի կայացել: Երթի նախաձեռնող խմբի անդամ, Երևանի պետական համալասարնի ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դանիել Իոաննիսյանը Panorama.am-ին նշեց, որ եղանակային վատ պայմանների, անձրևի պատճառով, երթը հետաձգվել և կայացել է ժամը 11:30-ին:
Սակայն նշենք, որ երթի ժամի փոփոխության մասին կազմակերպիչները տեղյակ չէին պահել զանգվածային լրատվամիջոցներին:
Նա նշեց, որ երթի մասնակիցները նախ ուղևորվել են ԿԳՆ նախարարության շենք, ապա ՀՀ կառավարության շենք:
Դանիել Իոաննիսյանի խոսքով, այս հավաքով և երթով հայ ուսանողությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:
«Մենք պահանջում ենք մագիստրատուրայում և ասպիրանտուրայում վերականգնել նախորդ տարի տարեկետումով տրված տեղերի քանակը, իսկ եթե չեն ցանականում այս տարի ավելացնել տեղերի քանակը, ապա գտնել խնդրի այլ լուծումներ, ոչ թե միայն ընտրել կրճատման տարբերակը»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ մյուս շաբաթ նախատեսում են մի շարք առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը: Նա նաև տեղեկացրեց, որ բողոքի ցույցերը շարունակական են լինելու, ինչպես նաև նախատեսվում է սույն խնդրի վերաբերյալ կազմակերպել ուսանողական քննարկումներ: Նշենք, որ բողոքի երթին մասնակցել են Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այսօր ինքն է ԿԳՆ նախարարության շենքի առջև հավաքված երթի մասնակից ուսանողներին առաջարկել է հանդիպում կազմակերպել ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսայնի հետ, որի ժամանակ իրենց բարձրացրած խնդիրներին կտրվեն պատասխաններ:
«Սակայն ուսանողները հրաժարվեցին հանդիպումից`պատճառաբանելով, որ իրենք պարզաբանումներ լսել են ԿԳ նախարարից և կարծիք հայտնեցին, որ փոխնախարարի պարզաբանումները հավանաբար ևս կլինեն այդ շրջանակներում: Ուսանողներն այսօր հստակ իրենց խնդիրները չեն ներկայացանում, սակայն ցանկանում են իրենց խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Մենք պայմանավորվեցինք, որ իրենք իրենց խնդիրները հստակ ձևակերպեն և ներկայացնեն ԿԳՆ, որից հետո նախարարությունը հստակ պարզաբանումներ կտա, իսկ եթե որևէ խնդիր նորից չբավարարի, ապա մենք պատրաստ ենք կազմակերպելու հանադիպում և քննարկում ԿԳ նախարարության որևէ ներկայացուցչի հետ»,- ասաց նա:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ Երևանի պետական բուհերի բոլոր ֆակուլտետների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի քանակը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ:
«ԿԳ նախարարությունը այստեղ որևէ փոփոխություն չի կարող անել: Երևանի պետական բուհերում և մագիստրատուրայում և ասպիրանտուրայում տեղերը նախատեսվել են մեր պետության և մեր կառավարության գերակայություններից բխող ուղղություններով: Այդ ամենը ինքնանպատակ չի արվել, հաշվի է առնվել մեր տնտեսության զարգացումը, ինչպես նաև տարբեր խնդիրներ: Այսօր որևէ նոր փոփոխության խնդիր չկա, քանի որ առավել ևս այսօրվա երթի մասնակից ուսանողները իրենց հուզող հարցի վերաբերյալ որևէ հիմնավորում չեն բերում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան