ՀՀ Նախագահի մասնակցությամբ Շանհայում բացվեց Հայաստանի տաղավարը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավոր կերպով բացվեց «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարը: Բացման արարողությանը մասնակցում էին նաև նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստան այցելած պաշտոնատար անձինք, Չինաստանում հավատարմագրված հայ դիվանագետներ, հյուրեր, ցուցահանդեսի այցելուներ: Այս մասին Շանհայից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Հայաստանի տաղավարի հանդիսավոր բացումից հետո նախագահ Սերժ Սարգսյանն շրջեց «Շանհայ Էքսպո 2010»-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի տաղավարներով:
Հիշեցնենք, որ ՉԺՀ ղեկավար Հու Ձինտաոյի հրավերով ՀՀ նախագահն այցելել է Չինաստան` Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի, բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ:
Այցելության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ կունենա նաև չինական առաջատար կորպորացիաների ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, վաղը մայիսի 1-ին նախատեսված է հայկական պատվիրակության այցը Ձյանսու նահանգի Սուժոու քաղաք: Այստեղ նախագահ Սարգսյանը կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի և արվեստի կենտրոն, նաև` գիտության և կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում: Մեկ օր անց նախատեսված են նախագահի հանդիպումներ հեռահաղորդակցության ոլորտի համակարգեր և սարքավորումներ արտադրող չինական երկու խոշորագույն` «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) և «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd.) կորպորացիաների ղեկավարների հետ:
Մայիսի 2-ին Սերժ Սարգսյանն առաննձնազրույց կունենա ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ:
Այցելության վերջին օրը` մայիսի 3-ին նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Չինաստանի Շանսի նահանգ, որտեղ Դաթուն քաղաքում ներկա կգտնվի քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությյան բացման արարողությանը: