Միջազգային կազմակերպությունները կրկին քննադատել են ադրբեջանական իշխանություններին
ԶԼՄ-ի ազատության «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով լրագրողների նկատմամբ, ադրբեջանական ոստիկանության իրականացրած գործողությունները: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Նշենք, որ ապրիլի 26-ին Բաքվում տեղի ունեցած հանրահավաքն ադրբեջանական ոստիկանությունը դաժանորեն ցրել էր, ինչի հետևանքով հանրահավաքի մոտ 8 տասնյակ մասնակիցներ բռնության էին ենթարկվել և տեղափոխվել ոստիկանություն: Մոտ 5 լրագրողներ ևս բռնության էին ենթարկվել: Ոստիկանները նույնիսկ նրանց տեսախցիկներն էին ջարդել:
«Մենք շոկ ապրեցինք և մտահոգված ենք ոստիկանության կողմից բռնության ենթարկված ավելի քան 5 լրագրողների առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ոստիկանները շրջապատել էին ընդդիմության հանրահավաքը լուսաբանող լրագրողներին և վիրավորանքներ տեղացրել վերջիններից հասցեին: Ոստիկանները դրանով չէին բավարարվել և ծեծի էին ենթարկել վերջիններիս՝ ջարդելով տեսախցիկները:
«Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության իրականացրած բռնարարքները, մասնավորապես՝ Մեխման Հուսեյնովին ծեծի ենթարկելու փաստը, ինչպես նաև «Ազադլիգ» պարբերականի խմբագրի կնոջ ձերբակալությունը»,- նշված է փաստաթղթում: