Բակո Սահակյան. Մեր ժողովուրդը միշտ եղել է ստեղծարար ու իր հանապազօրյա հացը վաստակել է քրտնաջան աշխատանքի միջոցով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասված է.
« Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այդ տոնը ավանդաբար մեծ շուքով է նշվել մեր երկրում: Եվ դա պատահական չէ: Մեր ժողովուրդը միշտ եղել է ստեղծարար ու իր հանապազօրյա հացը վաստակել է քրտնաջան աշխատանքի միջոցով: Այսօր էլ, ձեռնամուխ լինելով անկախ պետականության կառուցման գործին, մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում տնտեսությունը զարգացնելու, տեղական արտադրությունը խթանելու, բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Աշխատավորների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, աշխատավարձերի ու նպաստների բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը` այն կարևոր խնդիրներն են, որոնք միշտ գտնվում են մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ ձեր ընտանիքներին և մեր ընդհանուր տանը` Արցախ աշխարհին»: