«Պետական և ոչ պետական բուհերի ընդունելության քննությունները միասին անցկացնելու դեպքում կտուժեն ոչ պետական բուհերը»
«Ինտերլինգվա» ոչ պետական լեզվագիտական համալսարանի ռեկտոր Իվետա Առաքելյանն այսօրվա ասուլիսում խոսելով բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների մասին, նշեց, որ շատ դրական է գնահատում իրականացվող բարեփոխումներն, որոնք միտված են բարձրացնելու ուսման որակը: «Մասնավոր բուհի զարգացման հարցը, դա պետության հարցն է, իսկ պետությունն էլ այսօր փորձեր է կատարում կատարելագործել և զարգացնել մասնավոր բուհերը»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը նշեց, որ բարձրագույն կրթական համակարգում բարեփոխումները սկսվել են իրականացվել դեռևս 2002 թվականից և մինչև այժմ էլ շարունակվում են, որոնք իրապես անհրաժեշտություն են մեր կրթական համակարգի համար:
«Բուհերում իրականացվող բարեփոխումների ամենամեծ ձեռքբերումն եռաստիճան կրթական համակարգի ներդրումն էր»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ կառավարության այն որոշմանը, ըստ որի 2011 թվականին պետական և ոչ պետական բուհերի ընդունելության քննությունները պետք է անցկացվեն միասին, Արտուշ Ղուկասյանը նշեց, որ այդ դեպքում կառաջանա մրցակցություն, որի արդյունքում կտուժեն ոչ պետական բուհերը:
Նա նշեց, որ նմանատիպ փորձ արվել է երեք տարի առաջ, սակայն այն ժամանակ ոչ պետական բուհերը միայն ցանկության դեպքում կարող էին մասնակցել, այն ստիպողաբար չէր:
«Եվ նման քայլին համարձակություն ունեցավ մասնակցելու «Գլաձոր» ոչ պետական համալսարանը, սակայն արդյունքում համալսարանը նման ընդունելության կարգով ընդունված ընդամենը երկու ուսանող ունեցավ»,- հավելեց նա:
Նրա խոսքով, ինչ վերաբերում է պետական բուհերին, ապա նման ընդունելության կարգը պետական բուհերի համար ոչ մի խնդիր չի առաջացնի, քանի որ այդ դեպքում դիմորդների 90 տոկոսը կդիմի պետական բուհ:
Իվետա Առաքելյանը նշեց, որ դեռ մեր հասարակությունը պատրաստ չէ նրան, որ և մասնավոր և պետական բուհ ընդունվելու համար հանձնեն նույն ընթացակարգային քննությունները:
«Ես էլ այն մտավախություննը ունեմ, որ եթե պետական և ոչ պետական բուհերի ընդունելության քննությունները անցկացվեն նույն ընթացակագրով, ապա կտուժեն ոչ պետական բուհերը, քանի որ դիմորդների զգալի մասը կդիմի պեատական բուհեր, իսկ ոչ պետական բուհերը կունենան քիչ դիմորդներ»,- ասաց նա:
Արտուշ Ղուկասյանը հայտնեց, որ Արցախում արդեն մի քանի տարի է, ինչ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության քննությունները անցկացվում են միասին: Ըստ նրա, չնայած նրան, որ նման դեպքում ոչ պետական բուհերը հնարավոր է տուժեն, սակայն այն անհրաժեշտություն է, որպեսզի հասկանալի լինի, թե որ բուհը իրապես այսօր պահանջարկ ունի:
«Վերջի վերջո չի կարել է, որ ոչ պետական բուհերն ինչպես ցանկանան, այնպես էլ ընդունելության քննություններ անցկացնեն, սակայն ունենան պետական հավաստագրի նմուշ»,- ասաց նա:
Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի խոսքով, նման փորձությունից չպետք է վախենալ, իրապես կլինեն խնդիրներ, սակայն դրանք բոլորը կշտկվեն ժամանակի ընթացքում:
Իվետա Առաքելյանն նշեց, որ չնայած մտավախություններ ունի, սակայն նման քայլը շատ ճիշտ է համարում, քանի որ եթե պետությունը ոչ պետական բուհին տալիս է պետական նմուշի հավաստագիր, ապա իրավունք ունի պահանջելու, որ ոչ պետական բուհերի ընդունելության ընթացակարգը պետական բուհերի ընդունելության ընթացակարգի նման լինի: