Յագլանդ. «Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»
«Թուրան» լրատվական գործակալությունն արտատպել է բրիտանական «Guardian» պարբերականում հրապարակված «Եվրոպան պետք է պաշտպանի խոսքի ազատությունը» հոդվածը, որի հեղինակը Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբորն Յագլանդն է:
Հոդվածում մասնավորապես նշվում է. «Երբ մենք նշում ենք ԶԼՄ-ի ազատության միջազգային օրը, յուրաքանչյուր ոք պետք է հիշի, որ մեր ժողովրդավարությունը կախված է այդ կարևոր իրավունքից: Ազատազրկված խմբագիր Էյնուլ Ֆաթուլաևի ճակատագիրը լուրջ մտահոգություններ է առաջացնում: Նա արդեն երեք տարի է` ադրբեջանական իշխանությունների կասկածելի մեղադրանքների հիման վրա գտնվում է անազատության մեջ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ ամիս որոշում ընդունեց, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի:
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածները, այդ թվում՝ 10-րդ հոդվածը, որը վերաբերում է կարծիքի ազատ արտահայտման իրավունքին: Ադրբեջանն այդ կոնվենցիան ստորագրել է 2001 թվականի հունվարին և վավերացրել 2002 թվականի ապրիլին: Դրա համար էլ, Ադրբեջանը իրավաբանորեն պարտավոր է կատարելու այդ որոշումը: Դրա համար այլ բան հարկավոր չէ:
Ես՝ որպես ԵԽ գլխավոր քարտուղար, հաստատակամորեն համոզված եմ, որ խոսքի ազատությունը մեր արժեքների համար ունի հիմնարար նշանակություն, և ԵԽ 47 անդամ-պետությունները դա պետք է միշտ պաշտպանեն:
Խոսքի և արտահայտման ազատությունը իրավունք է, որի օգնությամբ մենք կարող ենք միավորել տարբեր մշակույթները, ավանդույթները, կրոնները և համոզմունքները` մեկ ընդհանուր եվրոպական տան սահմաններում: Մենք չենք կարող թույլ տալ բռնությունների սադրում և ատելություն, սակայն ես վճռականորեն պաշտպանում եմ իշխանություններին, քաղաքական առաջնորդներին քննադատության ենթարկելու իրավունքը:
Մեր ժողովրդավարության ապագան սպառնալիքի տակ է, եթե մենք կարծիքի արտահայտման ազատության հարցում փոխզիջումների գնանք: Առանց խոսքի ազատության՝ ընդհանրապես ազատություն չկա»: