ԿԳ նախարարը հանդիպել է «բլոգերների» հետ
Վերջին շրջանում հաճախակի են դարձել կրթական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներն ինտերնետային սոցիալական-տեղեկատվական ցանցերում, որն էլ առիթ էր հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար` հանդիպման հրավիրել «բլոգերներին»: Այս մասին տեղեկացանք ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարը նշել է, որ կրթության և գիտության բնագավառն իր շահառուների առումով առավել ընդգրկուն ոլորտներից է, և յուրաքանչյուր խնդիր քննարկման նյութ է դառնում հայ ընտանիքներում, ինչպես նաև բոլոր դժգոհություններն անմիջականորեն կապվում են նախարարության և իրականացվող քաղաքականության հետ:
Նախարարը նշել է, որ «բլոգերներին»` որպես հասարակական գործունեություն ծավալող լիդերներ, անհրաժեշտ է բոլոր խնդիրներին իրազեկ լինել առաջին աղբյուրից և ունենալ ճշգրիտ տեղեկություններ` ոլորտում իրականացվող քաղաքականության, ծրագրերի և նպատակների վերաբերյալ: Նախարարը միաժամանակ անկեղծ զրույցի կոչ է արել մասնակիցներին:
Առաջին հարցը վերաբերում էր «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, որը բուռն արձագանք է ստացել հանրության տարբեր շերտերում: Նախարարը նշել է, որ հասարակական լայն քննարկումների մեկնարկը նախաձեռնել է հենց նախարարությունը: «Օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելուց հետո այն լռության մատնվեց, և մենք խնդրեցինք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին անդրադառնալ այդ խնդրին: Նախ, որպեսզի հետագայում հասարակությունն անակնկալի չգա և իր մոտեցումներն ու հիմնավորումները չարտահայտի արդեն կայացած փաստի վերաբերյալ, երկրորդ` նպատակ ունենք հասարակական քննարկումների արդյունքում ունենալ հղկված և գործող օրենք»,- նշել է նախարարը:
Մասնակիցները մտավախություն արտահայտեցին, թե չի կարող արդյոք կրկնվել այն իրավիճակը, ինչն առկա էր ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում: Ա. Աշոտյանը նշել է, որ անկախության առաջին տարիներին կատարված այդ քայլը խիստ անհրաժեշտ ու կարևորված էր, սակայն այսօր այլ է իրավիճակը: Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր հսկայական գումարներ են վճարում, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան արտասահմանում` միջազգային հեղինակավոր դպրոցներում: «Ինչու Հայաստանում չեն կարող լինել նման դպրոցներ, առավել ևս, որ դրանք արդեն կան տարածաշրջանում` Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում»,-նշել է նախարարը և հավելել, որ նման դպրոցները զանգվածային չեն կարող լինել, և դրանցից յուրաքանչյուրի ստեղծման համար ՀՀ կառավարությունն առանձին որոշում պետք է կայացնի: Ի դեպ, այդ դպրոցների թիվը չի կարող գերազանցել ընդհանուր դպրոցների թվի 2 տոկոսը: Նախարարն ընդգծել է, որ խոսքը ոչ թե ռուսալեզու, այլ օտարալեզու կրթության մասին է:
«Ենթադրել, որ այդ դպրոցները, որոնք գործելու են ոչ միայն Երևանում, այլ ողջ հանրապետությունում և լինելու են ընդամենը երկու տասնյակի հասնող, կարող են վտանգել մեր ինքնությունն ու ազգային նկարագիրը, պարզապես անմտություն է: Մենք փորձում ենք բացել դաշտը, որը կընձեռի խոշոր ներդրումների հնարավորություններ: Այդ դպրոցներում ևս մայրենի լեզվի և հայագիտական առարկաների առումով գործելու են նույն կրթական չափորոշիչները»-նշել է նախարարը և ավելացրել, որ հաճախ բարձրագոչ արտահայտություններով հանդես են գալիս մարդիկ, ովքեր ջանքեր և միջոցներ չեն խնայում, որպեսզի իրենց զավակներին կամ թոռներին տեղավորեն Հայաստանում գործող ռուսական դասարաններում: Նախարարը ցավով նշել է, որ այդ քննարկումների ընթացքում մարդիկ խոսում են հայրենասիրությունից և առիթը բաց չեն թողնում մեղադրել ու օտարամոլի, քաղքենու պիտակներ կպցնել մեր ժողովրդին:
«Բոլոր առողջ մտահոգությունները հաշվի կառնվեն, սակայն ասել, որ մարդը չի տիրապետում ոչ մի օտար լեզվի, ուրեմն նա հայրենասեր է, իսկ ով տիրապետում է մի քանի լեզվի` ապազգային է, պարզապես անմտություն է: Այս դարում հայրենասիրություն է լինել գիտակ, խելացի, հաջողակ, և այդ ամենը ծառայեցնել քո երկրին: Քո հաջողությունը հասարակության և երկրիդ հաջողությունն է»,-նշել է նախարարը և ավելացրել, որ կողմ է էլիտար կրթությանը և դեմ` էլիտար կոչվող դպրոցներին, որոնք միջազգային աշակերտական օլիմպիադաներին մասնակից գեթ մեկ սան չեն տվել վերջին տարիներին: