Ադրբեջանի նախագահին կոչ են արել վերջ դնել անօրինական ձերբակալություններին
ԶԼՄ-ի համաշխարհային կոմիտեն նամակով դիմել է Ադրբեջանի նախահահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող Էյնուլ Ֆաթուլաևին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մենք կոչ ենք անում ձեր կառավարությանը կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիտը, այն է՝ ազատ արձակել Էյնուլ Ֆաթուլաևին»,- ասված է կոմիտեի ղեկավար Ռիչարդ Վինֆիլդի նամակում:
Նամակում նաև նշվում է, որ Է. Ֆաթուլաևին՝ թմրանյութերի անօրինական պահպանման համար առաջադրված վերջին մեղադրանքը միայն մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և Ֆաթուլաևին թողնել ճաղերի ետևում:
«Պարոն նախագահ, ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեզ վերջ դնել Ֆաթուլաևի անօրինական ձերբակալությանը և կատարել նրան ազատ արձակելու` դատարանի որոշումը»,- նշված է նամակում:
Նշենք, որ ԶԼՄ-ի համաշխարհային կոմիտեի կազմի մեջ մտնում են 45 լրագրողական կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր երկրներից: