Milliyet. Դավութօղլուն մի խնդիր լուծելով ստեղծում է մեկ այլ խնդիր
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն մեկ տարի է, ինչ ստանձնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը հետադարձ հայացք է նետել Դավութօղլուի կատարած աշխատանքներին և փորձել ընդհանրացումներ անել: Առաջին հերթին նշվում է, որ թուրքական դիվանագիտությունն իր ակտիվ ջանքերի շնորհիվ սկսել է լուրջ դերակատար լինել հարևան տարածաշրջաններում: Անակարան միջնորդական առաքելություններ է ստանձնել Մերձավոր Արևելքում, Ասիայում և Բալկաններում: Պակաս նշանակալի չէ նաև «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կուրսը:
«Շնորհիվ նման մարտավարության, էական զարգացումներ են արձանագրվել Սիրիայի, Իրանի, Իրաքի հետ հարաբերություններում: Մեկնարկվել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը: Լուրջ քայլեր են կատարվել նաև Հունաստանի հետ մերձեցման գործում: Բայց ինչպես ամեն հարցում, այս մեկում ևս հնարավոր չեղավ իդեալական արդյունք ապահովել»,-դիտարկումը «Milliyet» թերթինն է:
Հայաստանի հետ առկա խնդիրը զրոյացնելու ուղղությամբ գործադրված ջանքերի հետևանքով նոր խնդիրներ ստեղծվեցին Բաքվի հետ: Նմանապես և արաբական երկրների հետ «զրո խնդիր» քաղաքականությունն իրականացնելիս հարաբերությունները լարվեցին Իսրայելի հետ: