Ղարաբաղի դեմ Ալիևի ռազմական գործողությունները կանխել է Թուրքիայի հետախուզական մարմի՞նը
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը, հղում տալով ադրբեջանական «Յենի Մուսաֆաթ» (Yeni Musafat) թերթին, հայտնում է, որ անցած տարի, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում էր կայացրել ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ: Եվ վերջին պահին նրան այդ քայլից հետ է պահել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT):
«Անկարան, կանխելով ազերիների ռազմական գործողությունները, կանխեց Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացի տապալումն ու իր վարկաբեկումը: Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների լուրջ վատթարացումը հենց դրանով է պայմանավորված: Եթե Ադրբեջանն այդ ժամանակ ռազմական օպերացիաներ սկսեր, ապա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիրը լիովին կտապալվեր»,- գրում է «Hurriyet»-ը:
Պարբերականի տեղեկացմամբ` «MIT»-ին մոտ կանգնած աղբյուրներն այդ ինֆորմացիան արժանահավատ չեն համարում: Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունից «Հարցերը երկխոսության ճանապարհով լուծելու կողմնակից ենք» պարզաբանումն է միայն հնչեցվել:
Նշվում է, որ նորից օրակարգ է եկել ռազմական միջամտությանն այլընտրանք գտնելու հարցը: Ըստ «Hurriyet»-ի` ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի` ամենաբարձր մակարդակի ընդունումը Թուրքիայում, կարող է լինել Անկարայի կողմից Ադրբեջանին սաստելու ծրագրի մի մասը: