Բացվել է «Մեր պապերից մնացածը» խորագրով ցուցահանդեսը
Երևանի պետական համալսարանում բացվել է լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Մեր պապերից մնացածը» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի լավագույն լուսանկարները` Հայաստանի և Արցախի տեսարժան եւ պատմամշակութային վայրերի պատկերներով: Ցուցահանդեսը իրականացվում է ԵՊՀ ուսխորհուրդի աջակցությամբ:
Բացման արարողության ընթացքում Ռուբեն Բաղդիշյանն իր խոսքում նշել է, որ պատրաստվում է բանակցություններ սկսել մի շարք կազմակերպությունների հետ` «Մեր պապերից մնացածը» ցուցահանդեսը սփյուռքահայ խոշոր կենտրոններում անցկացնելու վերաբերյալ: Ռուբեն Բաղդիշյանը նաև նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման շրջանակներում համագործակցության կոչ է արել տեղական և Սփյուռքի կազմակերպություններին:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ուղերձ էր հղել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Ուղերձում ասված է. «Ողջունում եմ հայրենի պատմությունը հանրահռչակելուն ուղղված Ձեր նախաձեռնությունը: Ցավով եմ նշում, որ հասարակությունում` հատկապես երիտասարդության շրջանում, չափազանց քիչ է Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերի մասին պատկերացում ունեղցողների քանակը: Ձեր նախաձեռնած ցուցահանդեսը, գոնե համալսարանականների շրջանում, հայրենի երկրի ճանաչողության բացը լրացնելուն ուղղված փորձ է:»
Այս մասին հայտնում է «Մեր պապերից մնացածը» ցուցահանդեսի նախաձեռնող խումբը: