Դարչինյան-Դոներ մենամարտը, այնուամենայնիվ, կկայանա
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջև ռևանշի մենամարտը, այնուամենայնիվ, կկայանա: Բանակցությունները, որոնք բարդ ընթացքի մեջ էին հեռարձակման իրավունքների բաժանման հարցում պայմանավորվածության չհանգելու պատճառով, հաջող ավարտ են ունեցել: Այս մասին հայտարարել է «Top Rank» պրոմոուտերական ընկերության նախագահ Բոբ Արումը:
Նրա խոսքերով` պայմանագրի ստորագրման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն մոտ ժամանակներս: Արումը նշել է նաև, որ Դարչինյանի նկատմամբ հաղթանակի դեպքում Դոներն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Ֆեռնանդո Մոնտիելի հետ, ով վերջերս նոկաուտի է ենթարկել Հոզումի Հասեգավին և թեթևքաշային կարգում չեմպիոն հռչակվել WBO-ի վարկածով: Այս մասին տեղեկացնում է «Boxingscene»-ն: