Հայտնի եգիպտագետը բարձր է գնահատել հայ մասնագետների մասնակցությունը Ամենհոտեպ 3-րդ փարավոնի Լուքսորում գտնվող տաճարի պեղումներին
Մայիսի 6-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հնագիտության Բարձրագույն Խորհրդի գլխավոր քարտուղար, համաշխարհային ճանաչում ունեցող եգիպտագետ դոկտոր Զահի Հավասի հետ: Դեսպան Մելքոնյանը դոկտոր Զահի Հավասին ներկայացրել է հայ-եգիպտական համագործակցության ձեռքբերումները գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Իր հերթին Զահի Հավասը բարձր է գնահատել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, ինչպես նաև երկրաբանության ինստիտուտների` 2007թ-ից սկսված մասնակցությունը Ամենհոտեպ 3-րդ փարավոնի Լուքսորում գտնվող տաճարի պեղումներին: Նա միաժամանակ դրվատանքի խոսքեր է հասցեագրել հանդիպմանը ներկա գտնվող հայազգի եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանին և ճարտարապետ-ռեստավրատոր Նաիրի Համբիկյանին` Եգիպտոսում իրականացվող հնագիտական հետազոտություններում ունեցած նշանակալից ավանդի համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնագիտության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության հետագա առաջընթացի հնարավորությունների համատեղ ուսումնասիրման շուրջ: