Մեկնարկեց «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը
Այսօր Ջերմուկ քաղաքում մեկնարկեց «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Նշենք, որ Ջերմուկ քաղաքում գիտաժողովը շարունակվելու է մինչև մայիսի 9-ը ներառյալ:
Ինչպես տեղեկացնում է Ջերմուկ քաղաքից Panorama.am-ի թղթակիցը, գիտաժողովին մասնակցում են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանը, իսկ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գիտաժողովի աշխատանքներին կմիանան վաղը:
Գիտաժողովին հրավիրված են մասնակցելու նաև ոլորտին առնչվող կառավարական մարմինների, գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրներին, ներկայացնել առկա խնդիրներ, ինչպես նաև նախանշել դրանց լուծումները:
Կարեն Կարապետյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է նաև գիտական հանրությանը ներկայացնել կոմիտեի կողմից կատարված աշխատանքները, միջազգային ասպարեզում ունեցած ձեռքբերումները, դրանցից ակնկալվող արդյունքները:
«Միաժամանակ այսօր մենք ուզում ենք ներկայացնել մեր ապագա ծրագրերը, մեր առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև գիտական հանրության և գիտաշխատողների հետ կիսել մեր մտահոգությունները: Գիտության զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը համարելով Հայաստանի համար կարևորագույն ռազմավարական խնդիր, ինչպես նաև ելնելով գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` կոմիտեն որդեգրել է գիտական հանրության հետ սերտ համագործակցելու քաղաքականությունը, որը ենթադրում է «հետադարձ կապ» մեխանիզմի ակտիվ աշխատանք: Ի վերջո, բոլորիս նպատակը միջազգային գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում երկրի համար մրցակցային տեղի նվաճումն է, և մեր գործողությունները պետք է բխեն միմիայն Հայաստանի Հանրապետության շահերից»,- նշեց Կարեն Հայրապետյանը:
Գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները հանդես կգան գիտության զարգացման ռազմավարության, ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթների մասին զեկուցումներով: Նիստերում անդրադարձ կլինի նաև Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների, գիտական և գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան