Կարեն Հայրապետյան. «Պետք է բացառել պետության կողմից հատկացվող միջոցների փոշիացումը»
Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Ջերմուկ քաղաքում մեկնարկել է «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Գիտաժողովը, որի նպատակն է անդրադառնալ գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրներին, շարունակվելու է մինչև մայիսի 9-ը ներառյալ:
Panorama.am-ի թղթակիցը Ջերմուկից հաղորդում է, որ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանն այսօր հանդես է եկել գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի մասին զեկույցով: Նա ներկայացրել է հիմնականում բազային ֆինանսավորման, պայմանագրային ֆինանսավորման և պետական նպատակային ծրագրային ֆինանսավորման կարգերը:
Նա շեշտել է, որ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացման կարևորագույն պայմանն է գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ստեղծումը և ներդրումը, ինչպես նաև գիտական ծրագրերի «թեմաների», հայտերի և իրականացվող ծրագրերի հաշվետվությունների գնահատման միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգի կիրառումը:
Ըստ Կարեն Հայրապետյանի, գիտական ծրագրերի հայտերի, հաշվետվությունների ներկայումս գործող փորձաքննության կարգի պայմաններում գիտության ոլորտի ֆինանսական հատկացումները փոշիացվում են, ամբողջությամբ չեն ծառայում գիտության զարգացման խնդրին անգամ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման բազմաձևության առկայության պայմաններում:
Մասնավորապես, պայմանագրային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական աշխատանքները հաճախ կրկնում են բազային ֆինանսավորմամբ նախատեսված հետազոտությունները, իսկ նպատակային ծրագրերը նպատակաուղղված չեն հասցեագրված գիտահետազոտական արդյունքների ձեռքբերմանը:
Կարեն Հայրապետյանը վստահ է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ) և նպատակային ծրագրային ֆինանսավորման նոր կարգերի ընդունումը թույլ կտա ներդնել ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն պետության կողմից հատկացվող միջոցների փոշիացումը:
Պահպանելով բազմաձևությունը` ֆինանսավորումը, նրա խոսքերով, պետք է իրականացվի բացառապես մրցութային կարգով` ծրագրային հիմնավորման սկզբունքով և հասցեագրված` գիտակազմակերպչական և հիմնարար, կարևորագույն կիրառական, հետազոտական ծրագրեր իրականացնող գիտական կազմակերպությունների և գիտակրթական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման նպատակով:
Պայմանագրային ֆինանսավորումը պետք է վերածվի իրավական դրամաշնորհային համակարգի: Այն կոչված է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների շրջանակներում ապահովելու առանձին հետաքրքրություն ներկայացնող արդիական խնդիրների լուծումը, որոնք կարող են հանգեցնել նոր գիտական հետազոտությունների կամ գիտատեխնիկական մշակումների:
Պետական նպատակային ծրագրային ֆինանսավորումը պետք է իրականացվի համապետական նշանակության ռազմավարական ծրագրերի շրջանակներում գիտական և գիտատեխնիկական հիմնավորմամբ հետազոտական ծրագրերի ձևով:
Այսպիսի համակարգի ներդրումը հնարավորություն կտա գիտական ծրագրերի ընտրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով, ֆինանսավորել, իրագործել այն ծրագրերը, որոնք միտված են միջազգային մակարդային համապատասխան արդյունքների ձեռքբերմանը:
Նման համակարգի ներդրմանն են միտված գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորման, ծրագրերի, թեմաների և հայտերի երաշխավորման, հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքների կազմակերպման կարգերը:
Կարեն Հայրապետյանն ավելացրեց նաև, որ մեր նպատակն է առաջիկա 5-6 տարվա ընթացքում բազային ֆինանսավորումը հասցնել 50 տոկոսի, նպատակայինը` 30 տոկոսի, իսկ մնացած մասը նախատեսել պայմանագրային և թեմատիկ ֆինանսավորման համար:
Նշենք, որ նշված կարգերը հաստատման նպատակով շուտով կներկայացվեն ՀՀ կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան