Սամվել Հարությունյան. «Հասարակական գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը»
Ջերմուկում ընթացող «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում այսօր գիտության զարգացման ռազմավարության մասին զեկուցումով հանդես եկավ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Մինչ այդ ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Կարևորելով այս գիտաժողովը` Մ. Մկրտչյանը շեշտեց, որ անդրադարձը գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրներին շատ արդիական է, և այդ խնդիրներն իսկապես լուծման կարիք ունեն, իսկ գիտաժողովի նպատակն է մատնանշել նաև գիտության ոլորտում առկա խնդիրների լուծումները:
«Այս գիտաժողովի ընթացքում մենք ցանկանում ենք գիտական հանրության հետ քննարկել գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, լսել գիտնականների առաջարկները, ինչու չէ, նաև դիտողությունները»,- ընդգծեց Սամվել Հարությունյանը` ավելացնելով, որ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Սամվել Հարությունյանը, ներկայացնելով գիտության զարգացման ռազմավարության մասին զեկույցը, նշեց նաև, որ այն Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի ներկա վիճակի առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների և ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջությունն է: Ռազմավարությունը հիմք է գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թթ. ռազմավարական ծրագրերի մշակման համար: Իսկ այդ ծրագրերն ապահովելու են ՀՀ գիտության ոլորտի դինամիկ և նպատակաուղղված զարգացումը և իրականացվելու են կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և Սփյուռքի ջանքերի զուգակցմամբ:
Ըստ Սամվել Հարությունյանի, չնայած գիտության ոլորտում ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, սակայն կան նաև լուրջ հարցեր, որոնց արմատական բարեփոխումների ձգձգումը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների: Մասնավորապես, գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի պետական քաղաքականության մշակումը և աշխատանքների կազմակերպումը բավարար չափով չեն իրականացվում` հաշվի առնելով ոլորտի կայուն զարգացում ապահովող համակարգի պահանջները: Խզվել է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-իննովացիոն գործունեություն կապը: Առկա նյութատեխնիական բազան և ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Բացակայում է ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական համակարգը, ներառյալ` էլեկտրոնային գրադարանների ցանցը: Շարունակվում է նաև բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսը գիտության ոլորտից: Բացակայում է երիտասարդ կադրերի ներգրավման և հաստատման պետական նպատակային քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվում է ոլորտի ծերացումը: Հասարակական գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը և գիտաշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը:
Ներկայացնելով գիտության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրներ` Սամվել Հարությունյանը նշեց, որ դրանք լուծելու, ինչպես նաև ունեցած ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար սահմանվել է գիտության ոլորտի զարգացման տեսլականը, ձևակերպվել են իրականացվելիք առաքելությունները, ընտրվել են հեռանկարային թիրախները, ինչպես նաև դրանց հասնելու մարտավարությունը:
Առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, ինչպես նաև արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները: Պետք է ապահովել նաև երիտասարդ կադրերի ներհոսքը գիտության ոլորտ, իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն: Հարկ է խթանել գիտական կազմակերպություններում տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձևավորմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը: