ՀՀ նախագահ. Շուշիի ազատագրումը մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ, պատերազմ
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սիրելի' հայրենակիցներ, հարգելի' վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, որ դարձավ նոր մեկնարկ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով մեր տնտեսությունն ու մշակույթը նոր մակարդակի բարձրացնելու հզոր ազդակ: Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց: Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության ու ռազմարվեստի օրինակ, ոգեշնչելու է ներկա ու գալիք սերունդներին:
Ճակատագրի բերումով 1992 թվականի նույն այս օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին: Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն:
Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր մենք խոնարհվում ենք մայիսյան հաղթանակները կռող անմահների հիշատակի առջև: Նրանք արյամբ նվաճեցին մեր ժողովրդի ապրելու և զարգանալու իրավունքը, պատմական հնարավորությունն ու հեռանկարը: Մենք երախտապարտ ենք նրանց:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մենք հպարտ ենք մեր հաղթանակներով և դրանք ամրապնդելու ենք ստեղծագործ աշխատանքով»,-ասաված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան