Դինքի սպանության գործով դատավարության նոր մանրամասներ
Ստամբուլի ոստիկանական բաժանմունքից դատարան ուղարկված ծանուցմամբ տեղեկացվել է, որ Դինքի սպանության գործով մեղադրյալները «Էրգենեքոնի» դատավարության շրջանակներում ձերբակալվածներից 6 հոգու հետ հեռախոսային կապ են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթից:
Նշենք, որ Դինքի սպանության գործով այժմ 20 մեղադրյալ կա, որոնցից 5-ը` ձերբակալված, այդ թվում և մահափորձն իրականացրած Օգյուն Սամասթը:
Հիշեցնենք, որ «Էրգենեքոն»-ի գործով էլ կա 86 մեղադրյալ, որոնցից 46-ը` ձերբակալված, այդ թվում` բարձրաստիճան զինծառայողներ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ: Նրանք կասկածվում են պետական հեղաշրջում ծրագրելու և վերջին շրջանում Թուրքիայում մի շարք աղմկահարույց հանցագործություններ կատարելու մեջ: