«Մեր բանակն այդ գումարտակի կարիքն այդքան սուր չի զգում, որպեսզի այդ պատճառով գլխատվի ամբողջ գիտական համակարգը»
Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդգար Հելհելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք շարունակելու են կրթական բարեփոխումների դեմ իրենց պայքարը: Նա մասնավորեցրեց, որ հարցը վերաբերում է ոչ միայն բուհական, այլև միջնակարգ կրթությանը:
Ասպիրանտուրայում և մագիստրատուրայում պետպատվերով տեղերի նվազեցման առիթով բանախոսը նշեց.
«ԿԳ նախարարությունում դա պատճառաբանում են զորակոչի հետ կապված խնդիրներով, ինչն իհարկե իրական է, որովհետև այս պահին զորակոչային տարիք են մտնում 1992-93թթ. ծնվածները, իսկ այս ժամակամիջոցում ծնելիության նվազեցման խնդիր կար: Երկրորդ հանգամանքը բանակից խուսափելու ռիսկերը նվազեցնելուն է ուղղված, երբ հետբուհական կրթությունն այս նպատակով է օգտագործվում»:
Ըստ բանախոսի, այսօրվա հաշվարկներով մոտ 500-600 ասպիրանտ և մագիստրոս ենք ունենալու, որը մի գումարտակ զինվոր է:
Նա հավելեց, որ մեր բանակն այդ գումարտակի կարիքն այդքան սուր չի զգում, որպեսզի այդ պատճառով գլխատվի ամբողջ գիտական համակարգը:
«Այսինքն մենք կրթվելու իրավունքից զրկում ենք միջուկային էներգետիկայի մեկ մասնագետի, որպեսզի բանակում ունենանք մեկ հրաձիգ: Սա աբսուրդային իրավիճակ է»,-ասաց բանախոսը:
Հաջորդ մտահագություն առաջացնող ծրագիրը Ազգային նոր պահպանողական շարժման նախագահի համար ՀՀ վարչապետի նախաձեռնածն է` արտասահաման ուսանելու մեկնող ուսանողներին ֆինանսավորելու վերաբերյալ:
«Խոսվում է նրանց հովանավորելու մասին, բայց չի խոսվում նրանց հետ վերադարձի մեխանիզմների մասին»,-ասաց Է. Հելհելյանը: