Կհաջովի, թե չի՞ հաջողվի առկա խնդիրները լուծել այս ճանապարհով
«Բանակը մեր երկրի համար շատ կարևոր է և սխալ է, երբ որոշ երիտասարդներ ասպիրանտուրայի հաշվին փորձում են լուծել բանակի խնդիրը»,- այսօրվա ասուլիսում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:
Աուլիսի մյուս բանախոս Ս.Սաֆարյանն էլ միջամտեց` «եթե անընդհատ շեշտվում է, որ մարդիկ խուսափում են բանակից ասպիրանտուրայի ու մագիստրատուրայի հաշվին, ապա բոլորին էլ հայտնի է, թե ովքե՞ր են հիմնականում խուսափողները` այս կամ այն պաշտոնյայի երեխաները և ապացույցների համար հեռու գնալ պետք չէ, քանի որ Երևանի պետական համալսարանը վաղուց է վերածվել Երևանի հանրապետական համալսարանի»:
«Եվ ձեր շարքերում շատ են մարդիկ, որոնք բանակից խուսափում են կարիերա անելու պատճառով»,- նշեց Ս.Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է կարիերա անելուն, ապա ըստ ՀՀԿ-ական գործչի, ամենամեծ կարիերիստը հենց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է, թեպետ դա էլ վատ բան չէ:
Ասուլիսի ժամանակ մի խումբ ուսանողներ ներկա լրագրողներին թռուցիկներ բաժանեցին, որտեղ նշված էին այն անձինք, որոնք ըստ նրանց, բանակում չեն ծառայել:
Անդրադառնալով բուն թեմային` թե ինչո՞ւ է այս նախաձեռնությունն արվում, Կ.Ավագյանը նշեց, որ դա կրթության ոլորտում բարեփոխումների հետևանք է և այս քայլերի նպատակը միտված է ոլորտում առկա խնդիրների լուծմանը.
«Ավելի լավ կլիներ, եթե նախարարը տեղերը չկրճատեր և բոլորն ասեին, թե ինչքան լավն է մեր նախարա՞րը»,- հետաքրքրվեց նա և ավելացրեց, որ նախարարը հանուն բարեփոխումների է գնացել դրան` քաջ գիտակցելով, որ այս նախաձեռնությանը ընդդիմադիրներ կլինեն և միանգամից այս գործընթացը հասարակության կողմից չի ընկալվի:
«Մյուս ցավոտ հարցը համակարգում` կոռուպցիան, դեռ արդիական է և որևէ մեկը չի կարող ասել, որ այդ հարցը լուծված է, բայց սա նաև փորձ է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը »- , համոզված է ՀՀԿ-ական պատգամավորը:
Ս.Սաֆարյանի կարծիքն ավելի հոռետեսական է, քանի որ մեր երկրում հաղթում է փողն ու ծանոթը և այս ճանապարհով առկա խնդիրները լուծել չի լինի: