«Հաղթանակ» զբոսայգում կարուսել է կոտրվել, կան տուժածներ. Տնօրենը վստահեցնում է` «կարուսելը սարքին է եղել»
«Հաղթանակ» զբոսայգում նախօրեին տեղի ունեցած տոնակատարություններից հետո, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում զբոսայգու կարուսելներից մեկը պոկվել է: Կան տուժածներ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանը:
Արտակարգ իրավիճակներից հայտնում են, որ տուժածներ 1996թ. ծնված Սիրարփի Մավոյանը և 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975թ. ծնված Մարինե և 1997թ. ծնված Մենուա Վարդանյանները՝ Միքայելյան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։
Ումրիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք անսարք է՞ եղել կարուսելը, տնօրենն ասաց` ոչ ու հավելեց. «Կարուսելն անսարք չի եղել երկաթային մասն է կոտրվել: Իսկ թե ինչ պատճառներով է կոտրվել, մասնագետներտը կորոշեն հետո»:
Ումրիկյանը նաև տեղեկացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից համապատասխան մասնագետներ են եկել իրենց մոտ ու իրավիճակն են ուսումնասիրում:
Նրա խոսքով, տուժածներն իրենց այժմ լավ են զգում` երկուսը տեղում դուրս են գրվել, իսկ մյուս երկուսն էլ` բուժզննում են անցել ու նախնական տվյալներով, կոտրվածք չունեն: