Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվելու է ավելի քան 20 պայմանագիր
Մայիսի 11-ին Անկարան առաջին անգամ հյուրընկալելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիա մեկնող ՌԴ նախագահին ուղեկցելու է նախարարներից կազմված մեծաթիվ պատվիրակություն: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` այդ այցի ընթացքում կողմերը նախատեսել են ստորագրել ավելի քան 20 պայմանագիր:
Ռուսական պատվիրակության կազմում Անկարա է մեկնելու նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս առանձին հանդիպում է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` հանդիպմանը քննարկվելու են հայ-թուրքական կարգավորման գործընթացը և ղարաբաղյան հիմնախնդիրը:
Հիշեցնենք, որ նախագահի մակարդակով վերջին այցելությունը Թուրքիա եղել էր 2004 թվականին, երբ այն ժամանակվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել էր Անկարա: