Ն. Զոհրաբյան. «Ակցենտը` մայրենի լեզվի վրա»
«Բնական է, որ կրթական համակարգում պետք է բարեփոխումներ իրականացվեին և մենք հետևողականորեն հետևում ենք այդ համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին»,- անդրադառնալով կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Իսկ ինչ վերաբերվում են վերջին շրջանում առաջարկվող փոփոխություններին, որոնք բուռն կերպով քննարկվում են հասարակության շրջանակներում, ապա ասեմ` ԲՀԿ-ում առայժմ քննարկվում է այդ փոփոխությունների ողջ փաթեթը, ես կցանկանայի մեր վերջնական գնահատականը ներկայացնել միայն բոլոր կողմերի տեսակետները լսելուց հետո: Այս պահի դրությամբ մենք հանդիպումներ ենք ունենում թե կողմ և թե դեմ արտահայտվող տարբեր խավերի ներկայացուցիչների հետ»,- ասաց պատգամավորը:
Ն. Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունում կրթական բարեփոփումների խնդրի քննարկումը ակտիվ փուլում է և բնականաբար ԲՀԿ-ն դեռևս հայտնելու է իր տեսակետը, քանի որ կրթական համակարգը երկրի ռազմավարական գերակայություններից մեկն է ու ԲՀԿ-ի նախընտրական ծրագրումում ևս հստակ շեշտադրված են են այս համակարգում կատարվելիք բարեփոխումները: Նրա խոսքերով, ԲՀԿ-ն ևս շահագրգռված է կրթական բարեփոխումներով, սակայն այնպիսի բարփոխումներով, որոնք իրենց մեջ դրական ներուժ են պարունակում:
«Ես շատ կցանկանայի, որ Հայաստանի ցանկացած աշակերտ օտար լեզուներին փայլուն տիրապետեր, քանի որ առանց օտար լեզուների տիրապետման, ոչ ոք չի կարող այս գլոբալացված աշխարհում լիարժեք, մրցունակ ուսանող համարվել: Այստեղ մենք ունենք մեկ գերակա խնդիր: Ես շատ կցանկանայի, որ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն իդեալական տիրապետելուց առաջ հայ երեխան նախ և առաջ հրաշալի տիրապետեր իր մայրենի լեզվին: Ես կողմ եմ, որ երեխաները փայլուն ձևովով տիրապետեն օտար լեզուներին ...Ոչ միայն կողմ եմ, այլ դա անհրաժեշտություն է, հրամայական է և դա բնական է. ներկայիս աշխատաշուկայում առանց այդ լեզուների տիրապետման մեր աշակերտները չեն կարող մրցունակ լինել»,- ասաց Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Այնուհետև խորհրդարանականը նշեց. «Սակայն ինձ ցավ է պատճառում, որ այսօր մեր շատ երեխաներ ավելի լավ խոսում են անգլերեն, քան տիրապետում են իրենց մայրենի լեզվին: Մենք պետք է այս խնդրի վրա մեծ ուշադրություն դարձնենք: Միաժամանակ ես կարծում եմ, որ մենք չպետք է սվիներով ընդունենք այս բարեփոխումները, ուղղակի սա շատ նուրբ հարց է և մենք պետք է նուրբ մոտենանք այս հարցին ու մանրամասնորեն քննարկենք բոլոր փոփոխությունները: Մենք պետք է գնահատանեք բոլոր հնարավոր ռիսկերը, սակայն մեկ անգամ ևս նշեմ, որ անհրաժեշտ է ակցենտը դնել այն բանի վրա, որ հայ երեխան առաջին հերթին տիրապետի իր մայրենի լեզվին»: