«Հնարավոր է համաուսանողական դասադուլ»
Եթե ուսանողների բողոքի ձայնը կրթական բարեփոխումների վերաբերյալ ոչ մի արդյունք չտա, ուրեմն հնարավոր է պայքարը շարունակվի համաուսանողական դասադուլով: Այսպիսի հայտարարություն արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էգդար Հելհելյանը: Սպասվում է նաև նստացույց: Բանախոսը նշեց, որ վերջին հանդիպումը կառավարության անդամների հետ ոչ մի արդյունք չի տվել:
«Այս հանդիպումից հետո նրանք շատ դժգոհ են եղել, մասնավորապես իրենց ասել են, թե մեկ ամսվա ընթացքում ասպիրանտական տեղերի կրճատման հարցը կքննարկվի, սակայն մեկ ամիս հետո այս ուսանողները արդեն զորակոչված կլինեն բանակ»,-ասաց բանախոսը:
Նա հայտնեց, կմեկնարկի համաուսանողական բողոքի մի ակցիա ևս: Այս ակցիայի ժամանակ ԿԳ նախարարին կփոխանցվի կրթական բարեփոխումների վերաբերյալ 20-30 էջանոց փաթեթ: Այս փաթեթը ներառելու է ոչ միայն հնչեցվող խնդիրները` մասնավորաբար ասպիրանտական և մագիստրոսական պետպատվերով տեղերի կրճատման վերաբերյալ, այլև` սոցիալական խնդիրներ` այդ թվում դասախոսների աշխատավարձերի բարձրացում, մարզերից ժամանած ուսանողներին էժան վարձու բնակարաններով ապահովել և այլն: