Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կկայանա սեպտեմբերին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում կազմակերպված «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի երրորդ տուրում Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի միջև մենամարտը կկայանա ոչ թե օգոստոսին, ինչպես պլանավորված էր, այլ մեկ ամիս ուշ` սեպտեմբերին: Մենամարտի հետաձգումը կապված է այն հանգամանքի հետ, որ Ֆրոչին ժամանակ է պետք` Միկել Կեսլերի հետ նախորդ մարտում ստացած վնասվածքներից ապաքինվելու համար:
Բռնցքամարտիկների ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի չեն հանգել մենամարտի անցկացման վայրի հարցում: Հիշեցնենք, որ Կառլ Ֆրոչը նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել մրցաշարին մասնակցությունից, եթե Աբրահամի հետ հանդիպումը պլանավորվի Գերմանիայում: Նա պնդում է, որ երրորդ տուրում պետք է հանդես գա Նոթինգհեմում:
Արթուր Աբրահամի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել բրիտանացի մարզիկին և մարտը կազմակերպել չեզոք տարածքում, մասնավորապես, Շվեյցարիայում: Սակայն, ինչպես հայտնում է «This is Nottingham»-ը, Ֆրոչը դժվար թե ընդունի այդ առաջարկը: