«Հայաստանը և Թուրքիան կապող կամրջի վերականգնումը ժամանակի հարց է». Բայց ինչո՞ւ հենց կամուրջը
Եթե մի խումբ հայ ճարտարապետների ու մշակութային գործիչների ջանքերն հաջողությամբ պսակվեն, ապա մոտ ապագայում Հայաստանը և Թուրքիան միացնող միջնադարյան մայրաքաղաք Անիի ամենագլխավոր կամուրջը կվերականգնվի:
«Ուղղակի ժամանակ է պետք», -ասում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ծրագրի նախաձեռնողներից մեկն է և վստահ է, որ կամրջի վերականգնումը սիմվոլիկ նշանակություն կունենա: «Այդ կամուրջը ոչ թե երկու ափերն է միացնում, այլ երկու երկրները, և մարդիկ, երկու ազգերի ներկայացուցիչները կամաց-կամաց կկարողանան հաղորդակցվել», - նշանակությունն է բացատրում ճարտարապետը:
Հայաստանի Խարկով և Թուրքիայի Անի սահմանային բնակավայրերն իրար կապող և միջնադարյան ժամանակաշրջանին վերագրվող գլխավոր կամուրջը վերականգնելու ծրագիրը հղացել է հայկական կողմը, ներկայացվել է թուրքական կողմին, թուրք ճարտարապետներն էլ ցանկություն են հայտնել վերականգնել մշակութային արժեք ունեցող կամուրջը, սակայն որևէ ռեալ քայլ այդ ուղղությամբ դեռևս չի կատարվել:
Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար և ԻԿՈՄՕՍ (Հուշարձանների և տեսարժան վարերի միջազգային խորհուրդ) Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը միջազգային տերմինաբանությամբ բացատրում է` «այդ կամուրջը կիսատ ժառանգություն է»:
«Եվ Թուրքիան, և Հայաստանը միացել են մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող բազմաթիվ կոնվենցիաների, որոնցով կողմերը պարտավորվածություն են հայտնել նպաստել այդ ժառանգության համալիր պահպանմանը: Այդ իմաստով, որպես կիսատ ժառանգություն, անկախ սահմաններից, մենք որոշեցինք նախաձեռնել դրա վերականգնումը», -պարզաբանում է Գյուրջյանը:
Մշակույթի նախկին փոխնախարարը հիշում է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանի մշակույթի նախարարությունը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան միջոցով թուրքական կառավարությանը դիմել է` կամուրջը վերականգնելու համար: Սակայն հստակ պատասխան այդպես էլ չի ստացվել:
Այդ ծրագրի շուրջ Թուրքիայի իշխանությունների հետաքրքրվածության մասին տեղեկություններ հաղորդում է միայն թուրքական մամուլը, որի համաձայն Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (The Economic Policy Research Foundation of Turkey, TEPAV) ծրագիրը ներկայացրել է Թուրքիայի բարձագույն իշխանությանը, որն էլ հավանության է արժանացրել այն:
«Հայոց թագավորության կառուցած և քանդված այս կամուրջն ասոցացվում է երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների բացակայության հետ, իսկ դրա վերականգնումը կարող է խորհդանշել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջանը», - արձանագրել է թուրքական մամուլը:
961 թվականին Բագրատունիների կողմից հիմնադրված մայրաքաղաք Անին պատմական Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկն է եղել ու հայտնի է եղել իր գեղեցիկ տաճարներով, եկեղեցիներով, պարիսպներով: Պատմաբանները վկայում են` Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն և միաթռիչք կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանին կամուրջը վերականգնել ցանկացող գործիչները ոչինչ չեն ասել, և նա ներգրավված չէ այդ աշխատանքներում: «Յուրահատուկ կամուրջ է, ունեցել է կախովի-հավաքովի տախտակամած, պետք եղած ժամանակ անանցանելի է եղել: Մենք շատ քիչ ենք ունեցել նման կամուրջներ: Անգամ այնտեղ պահակակետ է եղել», -նկարագրում է հուշարձանագետը:
Կարապետյանը շատ լավ է տեղյակ Անիի մշակութային բարձրարժեք կոթողներից և ասում է.
«Անին գոհարների հավաքածու է` լինի պաշտամունքային, թե ինժեներական, ինչպիսին այդ կամուրջն է: Անին ուղղակի մի այնպիսի ճարտարապետական դպրոց ունի, որ ցանկացած հուշարձան գոհար է: Այս կամուրջը իր հորինվածքով, իր մշակումով բարձրարժեք է»:
«Վերականգնվելուց հետո այն կարող է ծառայել հետիոտն մարդկանց համար և միաժամանակ կարող է լինել մշակութային ժառանգության լավագույն նմուշ», -պատկերացնում է ԻԿՈՄՕՍ Հայաստանի նախագահը: Կամրջի ապագայի վերաբերյալ նույն պատկերացումներն ունի Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Հետագայում այն լավ կապի միջոց կլինի` զբոսաշրջիկները Շիրակի մարզի բնակավայրերից այդ ճանապարհով կանցնեն Անի քաղաք»:
Սակայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանին հետաքրքրում է` ինչո՞ւ է կամուրջ վերականգնվելու, չէ՞ որ Անիում հազարավոր հուշարձջաններ կան, որոնք վերականգնելու արժանի են: «Կապի միջոց հաստատելու մասին խոսքերը թիթիզ բան են, զգացական հողի վրա. Ամեն շենք էլ կարող ենք վերականգնել ու ասել` կապ հաստատելու ձև է: Կամուրջը թուրքերի համար շեշտված ազգային պատկանելություն չունի, այսինքն նրանք վախենում են մոտ գալ հայկական եկեղեցուն կամ վանքին, իսկ կամրջի պարագայում կասեն` ով է ասում որ հայկական է: Միայն պաշտամունքային կառույցներն են` խաչքար, գերեզմանոց, եկեղեցի, որ ընդգծում են ազգային պատկանելություն, դրա համար վախենում են մոտիկ գալ», -եզրակացնում է հուշարձանագետը:
Ինչևէ, Մինասյանն ասում է, որ արդեն իսկ ԻԿՈՄՕՍ-ին հայտ է ուղարկված, որպեսզի այդ կառույցն էլ աջակից լինի կամրջի վերականգնմանը: