Ալիևը պատրաստվում է գրավել տիեզերքի 20 տոկոսը
Голос Армении-ն գրում է, որ օրերս ադրբեջանական մամուլում ոգեցունց տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել «Ազերկոսմոս» ՓԲԸ-ի ստեղծման վերաբերյալ: Այսպիսով` Ադրբեջանը զբաղվելու է տիեզերքի ուսումնասիրությամբ: Թերթը գրում է, որ Ալիևի այս որոշումը որոշակի դժգոհություններ առաջացրեց ադրբեջանական ընդդիմության շրջանակներում: Վերջիններս նշում են, որ ՓԲԸ-ի վրա ծախսված գումարներով կարելի էր գործարաններ հիմնել և աշխատատեղեր ստեղծել: «Ադրբեջանական ընդդիմությունը, երևի, տեղյակ չէ, որ այդ խնդիրներն Ադրբեջանում վաղուց լուծված են»,-նշում է հոդվածագիրը: Մինչդեռ, ըստ հոդվածագրի` «Ազերկոսմոս»-ի հիմնումը լայն հնարավորություններ է բացում Ադրբեջանի առջև: Քանի որ անիմաստ է հայերից պահանջել Ադրբեջանի, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների 20%-ի վերադարձը, Ադրբեջանը կարող է իր տարածքային ծարավը հագեցնել` գրավելով տիեզերական տարածքի 20%-ը: Բացի այդ` տիեզերքում անսահման հնարավորություններ են բացվում` ամեն տեղ տեղադրելու Հեյդար-բաբայի կիսանդրիները: Այս կապակցությամբ թերթը հիշեցնում է ադրբեջանցի փառահեղ մի գիտնականի հայտնագործությունը, համաձայն որի` Քրիստափոր Կոլումբոսին Ամերիկայում դիմավորած աբորիգենները խոսում էին ադրբեջաներեն: