Կինոփառատոն Երևանում` նվիրված Մեծ հաղթանակի 65- ամյակին
Մայիսի 14-17-ը Երևանում՝ «Մոսկվա» կ/թ -ում ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կկայանա կինոփառատոն` «Հաղթանակը բոլորինն է» խորագրով: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող խորհրդային ռեժիսորների լավագույն ֆիլմերը: Կինոփառատոնի կազմակերպիչն է «Սովէքսպորտֆիլմ» ընկերությունը:
Կազմակերպիչների տեղեկացմամբ, փառատոնը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Նախատեսված են ցուցադրումներ Ուկրաինայում, Բելառուսիայում, Հայաստանում, Վրաստանում, Ղազաղստանում և Թուրքմենիայում: Ծրագրում ներկայացված են ֆիլմեր, որոնք ստեղծվել են միութենական հանրապետությունների ազգային կինոստուդիաներում 20-րդ դարի 50-60 -ական թթ.: Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու խորհրդային կինոյի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են` «Թռչում են կռունկները» /1966/, «Ձնծաղիկներ և էդելվեյսներ»/1981/ , «Մանչուկի երգը» /1959/ և «Մահ չկա, տղերք»/1970/, «Քայլում էին զինվորները» /1976/, «Զինվորի հայրը»/1965/:
«Հաղթանակը բոլորինն է» կինոփառատոնն առաջին հերթին սոցիալական նախագիծ է, որն ուղղված է աջակցելու մեծ հայրենականի վետերաններին: Բոլոր ցուցադրումների մուտքն անվճար է: Փառատոնի բացումը կկայանա մայիսի 14-ին:
Ֆիլմերը ներկայացնելու համար կժամանեն խորհրդային կինոյի աստղեր` Եվգենյա Ուրալովան և Վիլորի Պաշչենկոն: Նրանք կմասնակցեն մամլո ասուլիսին և պատերազմի վետերանների մեծարման երեկոյին:
Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի հովանու ներքո և աջակցությամբ:
Հիմնադրամի նախագծերը մշակութային ասպարեզում միտված են պահպանելու ԱՊՀ մասնակից երկրների մշակութային ժառանգությունը: