ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանն ու Թուրքիան կվերականգնեն իրենց հարաբերությունները ողջ ծավալով. Մեդվեդև
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը և Թուրքիան կվերականգնեն իրենց հարաբերությունները ողջ ծավալով: Այդ մասին այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես հույս ունեմ, որ վերջին հաշվով, կողմերը կարող են հասնել անհրաժեշտ որոշումների և կվերականգնեն հարաբերությունները ամբողջ ծավալով», -հայտարարել է Մեդվեդևը:
Նա ընդգծել է, որ դա, անկասկած, «կնպաստի մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, տնտեսական հարաբերությունների ակտիվ զարգացմանը և որպես հետևանք` բոլոր պետություններում կենսամակարդակի աճին»:
ՌԴ նախագահը նկատել է, որ Ռուսաստանը ողջունում է այդ գործընթացը և մտադիր է ամենայն ուշադրությամբ հետևել դրան` օգտագործելով «այն հնարավորությունները, որոնց տիրապետում է ՌԴ-ն»: «Բայց վերջին հաշվով վերջնական որոշումը կայացնելու են երկու կողմերը», -ասել է ՌԴ նախագահը:
Նա նաև հույս է հայտնել, որ դրական լիցքը, որը հաղորդվել էր գործընթացին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, կշարունակվի նաև ապագայում: «Բնական է, որ այդ գործընթացները հեշտ չեն, նրանք տարբեր արձագանքներ են գտնում նաև հենց այդ երկրներում` և Հայաստանում, և Թուրքիայում, որովհետև պարզ պատճառներով, այդ խնդիրը երկար ժամանակ չի որոշվել», -ասել է ՌԴ նախագահը: