Բջջային հեռախոսից կամ ծածկագրից օգտվելու դեպքում դիմորդը կհեռացվի քննասենյակից
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգի համաձայն, էլ ավելի են խստացվել են միասնական քննությունների ընթացքում դիմորդի վարքի կանոնները: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
«Եթե նախկինում, անկախ այն բանից, թե ինչ խախտում էր թույլ տալիս շրջանավարտը, միայն երկրորդ անգամ խախտում կատարելուց հետո էր քննասենյակից հեռացվում, ապա այս տարի կան այնպիսի խախտումներ, որոնց իրականացման դեպքում դիմորդն անմիջապես հեռացվելու է քննասենյակից և ստանալու է անբավարար գնահատական»,- ասաց ԳԹԿ պաշտոնյան:
Նրա խոսքով, օրինակ, վերոնշյալ խախտումներից է բջջային հեռախոսից կամ ծածկագրից օգտվելը: Նա նշեց, որ շրջանավարտներին արգելվում է մտնել քննական կենտրոն` բջջային հեռախոսներով։
«Այս տարի եթե շրջանավարտի ձեռքում կամ գրպանում լինի բջջային հեռախոս, նա կհեռացվի քննասենյակից, անկախ այն բանից` օգտվե՞լ է հեռախոսից, թե՞ ոչ», –ասաց նա։
Նրա խոսքով, եթե շրջանավարտը քննության ընթացքում հուշի կամ խոսի մեկ ուրիշ դիմորդի հետ, ապա այդ դիմորդին զգուշացվելու է, իսկ երկրորդ անգամ խախտումը կրկնելուց հետո դուրս են հրավիրելու քննասենյակից: