Ի՞նչ են առաջարկելու մայրաքաղաքային թանգարանները «Թանգարանային գիշեր»-ը
Մայիսի 15-ին` «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում մայրաքաղաքային գրեթե բոլոր թանգարանները այցելուներին ներկայանալու են նոր ցուցադրություններով:
Եվ այսպես: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը այդ օրը ժամը 18:00-24:00 այցելուներին ներկայացնելու է մի քանի միջոցառումներ. 18:00-ին Վարպետի «Հեքիաթներ և երազներ» շարքի ջրաներկ աշխատանքների թվային վերարտադրության ցուցադրություն, 19:00-ին` Սարանի 130-ամյակին նվիրված փետրվարի 26-ին Տրետյակովյան պատկերասրահում բացված ցուցահանդեսի լուսաբանումը ռուսական մամուլում` լուսանկաների ու սլայիդների ցուցադրություն, 20:00-ին` դաշնամուրային երաժշտություն, 22:00-ին` իտալական հայտնի երգեր և օպերաների արիաներ, 23:00-ին` Մ. Սարյանին նվիրված վավերագրական ֆիլմերի և հաղորդումների ցուցադրություն:
Երվանդ Քոչարի տուն-թանգարանը այցելուներին ներկայացնելու է «Վարդան Մամիկոնյանի կերպարը Քոչարի ստեղծագործություններում» խորագրով ցուցադրություն` գեղանկար, գրաֆիկա, քանդակ, հնչելու է Վարդանանց վերաբերող երգեր, ինչպես նաև Ավարայրի ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանի հնչեցրած ճառը: Ներկայացվելու է «Քոչարի մոնումենտալ քանդակը» ֆիլմը:
Փայտարվեստի թանգարանի ժամանակավոր ցուցասրահում բացվելու է քանդակագործ Ռաֆայել Արությունովի «Կովկասյան հավածաքու» ստեղծագործությունների ցուցահանդեսը, օրվա ընթացքում ցուցադրվելու է թանգարանի վերաբեյալ ֆիլմ:
Գրականության և արվեստի թանգարանը այդ օրը երեք ծրագրով է ներկայանալու իր այցելուներին. ժամը 18:00-ին բացվելու է Մարտիրոս Սարյանին վերաբերող թանգարանում առկա նյութերի ցուցադրություն, 19:00-ին Սիրանուշի կյանքին և բեմական գործունեությանը վերաբերող խտասալիկի շնորհանդես, 20:00-ին` «Թանգարան-գրական սալոնի» բացում:
Երևանի պատմության թանգարանում միջոցառումները մեկնարկելու են 18:30-ին: Խամաճիկների թատրոնի սաները հանդես են գալու բեմադրությամբ, այնուհետև ցուցադրվելու են Կոջոյանի անվան վարժարանի սաների աշխատանքները, միաժամանակ նրանք նկարելու են այցելուներին, Կոնսերվատորիայի ուսանողները ներկայացնելու են սերենադային տեսարան, «Քսենոֆոնը և հայկական գարեջուրը»` էքսկուրս և գարեջրի համտեսում, 194-րդ դպրոցի սաները բեմադրելու են «Համբարձում» տոնակատարությունը, «Ինչ համբավ բերեց շուստովյան գովազը հայկական կոնյակին»` կոնյակի համտեսում, վերջում` ցուցադրության դիտում:
Մյուս թանգարանները նույնպես հանդես են գալու մի շարք հետաքրքիր միջոցառումներով:
Հիշեցնենք, որ արդեն 6-րդ տարին է, ինչ Հայաստանի թանգարանները միացել են աշխարհի շուրջ 40 երկրների հազարավոր թանգարանների «Թանգարանային գիշեր» ակցիային, այսինքն այդ օրը մայրաքաղաքի և մարզերի թանգարանների դռները բաց են բոլոր այցելուների առջև: Հայաստանյան երկու տասնյակից ավելի թանգարանների մուտքն այդ օրը անվճար է: Հիմնական միջոցառումները մեկնարկելու են ժամը 18:00-ին ու շարունակվելու մինչև կեսգիշեր:
Նշենք, որ Մոսկվայում այդ օրը անվճար ավտոբուսները մարդկանց տեղափոխելու են մի թանգարանից մեկ այլ թանգարան:
Փորձեցինք պարզել` նման նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը հանդես գալո՞ւ է, թե ո՞չ: «Քաղաքապետարանի կողմից երբևէ նման ակցիա չի արվել: Մենք չենք քննարկել այս հարցը: Մի քանի տարի է` թանգարաններն անցկացնում են այս միջոցառումը և նման հարց չի բարձրացվել: Թանգարանները մեզ չեն էլ դիմել: Նրանք ինքնուրույն են կազմակերպում, իրենց միջոցառումն է ու սիրով անում են: Քաղաքապետարանի միջամտությանը նրանք չեն դիմում, սակայն եթե օգնության կարիք լինում է, իհարկե, օգնում ենք», Panorama.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Էլիանորա Թումանյանը:
«Թանգարանների գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999 թ.-ին` գարնանային որևէ կիրակի ֆրանսիական թանգարաններում հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելու` Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով:
Նախաձեռնությունը ստանում է «Թանգարանների գարուն» անվանումը` 2001-ից վերանվանվելով «Թանգարանների գիշեր»-ի և գրավում Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությունը և Եվրոպայի խորհրդի աջակցությունը: