Փոփոխություններ` պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգում
ՀՀ կառավարությունը օրեր առաջ հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ որի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նա նշեց, որ մինչ այս տարի բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությունը իրականացվել է չորս տարբեր իրավական ակտերով`երկուսը նորմատիվ, երկուսը`անհատական: «Այս տարի առաջին անգամ փորձ է արվել միավորել այս ակտերը`կանոնակարգելու համար ընդունելության քննությունների ողջ ընթացքը` միասնական քննությունների հայտագրումից մինչև ընդունելության քննությունների մրցույթի անցկացումը»,- ասաց նա:
Նրա խոսքով, առաջին փոփոխությունն այն է, որ այս տարի դիմորդները մասնագիտությունների դիմում հայտերը բուհերում կլրացնեն մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ներառայալ: Նա հայտնեց, որ օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները և նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը բուհերում կընդունվեն մինչև հուլիսի 10-ը ներառյալ, իսկ միասնական քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ում դիմում-հայտ կարող են ներկայացնել հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ:
«Այսինքն, նրանք հնարավորություն են ստանում մասնակցել դիմում-հայտագրման երկրորդ փուլին, իսկ միասնական քննությունները, վերոնշյալ խմբերին պատկանող դիմորդները հանձնելու են հուլիսին`լրացուցիչ փուլում»,- ներկայացրեց պաշտոնյան:
Նրա տեղեկացմամբ, կատարվել է ևս մեկ փոփոխություն. եթե նախկինում դիմորդը հայտագրվում էր միայն մի քաղաքի բուհերի համար`լրացնելով երկու անվճար և վեց վճարովի հայտ, ապա այս տարի ՀՀ ամբողջ տարածքի բուհերում կարող է այդ հայտագրումն իրականացնել:
«Օրինակ, Երևանի պետական համալսարան դիմած շրջանավարտը կարող է իր երկրորդ, երրորդ և մինչև ութերորդ հայտով դիմել Գավառի կամ Գորիսի, Գյումրու, Վանաձորի պետական համալսարան: Դիմորդը կարող է նաև առաջին հայտով դիմել ԵՊՀ, իսկ երկրոդ կամ երրորդ հայտերով դիմել այլ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ»,- ներկայացրեց Կարո Նասիբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան