Հրադադարի պահպանումը` Ադրբեջանի պարտավորությունները կատարելու թեստ
16 տարի առաջ այս օրը` 1994 թվականի ապրիլի 12-ին, ուժի մեջ մտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը:
Համապատասխան փաստաթուղթը նախապատրաստել էր ռուս դիվանագետ, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը` հիմքում ունենալով 1994 թվականի մայիսի 5-ին ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը: Դրանով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի խորհրդարանականները վճռականորեն կողմ էին արտահայտվել զինված հակամարտության գոտում հրադադար հաստատելու գաղափարին:
Վլադիմիր Կազիմիրովի պատրաստած փաստաթուղը բաղկացած է ընդամենը չորս կետից: Դրանցից առաջինով սահմանվում է հրադադարի ռեժիմի հաստատման կոնկրետ ժամանակը, երկրորդով` նախատեսվում է համաձայնեցնել կողմերի զինուժի շփման գիծը, երրորդով` ամրագրվում է, որ հակամարտությունը դադարեցնելու նոր փաստաթուղթ կնախապատրաստվի, իսկ վերջին` չորրորդ կետով սահմանվում է փաստաթղթի` ուժի մեջ մտնելու կարգը:
«Սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում անմիջապես այն բանից հետո, երբ Միջնորդը կծանուցի, որ հակամարտող կողմերից ստացել է բոլոր համապատասխան փաստաթղթերը` ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից»,- ասված է 16 տարի առաջ ստորագրված փաստաթղթի չորրորդ կետում:
Խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման համաձայնագիրը միաժամանակ չի ստորագրվել: Կողմերից յուրաքանչյուրն այն ստորագրել է իր մայրաքաղաքում` Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովը մայիսի 9-ին` Բաքվում, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մայիսի 10-ին` Երևանում, և ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը մայիսի 11-ին` Ստեփանակերտում:
«Պատերազմը կանգնեցնելու համար մենք այս փաստաթղթում խուսափեցինք իրավաբանական ձևականության ավանդական ատրիբուտներից. միասնական ամսաթիվ, ստորագրման վայր, միակ բնօրինակ` երեք ստորագրություններով, հյութեղ կնիքներ ու գեղեցիկ թղթապանակ և այլն: Այն խորհրդարանների հավանություն չէր պահանջում, փոխարենը հավանության էր արժանացել ժողովրդի կողմից: Չափազանց կարևոր է, որ այն անժամկետ է` լռելյայն»,- մի քանի տարի առաջ իր հեղինակած փաստաթղթի մասին այսպես էր արտահայտվել Վլադիմիր Կազիմիրովը:
Կասկածից վեր է, որ հրադադարի ռեժիմի հաստատման մասին սույն համաձայնությունը ղարաբաղյան հակամարտության ընթացքում, ըստ էության, միակ առարկայական ձեռքբերումն է: Դրանով փաստորեն դադարեց պատերազմը: Ընդ որում` մի փուլում, երբ պատերազմական գործողություններն ուղեկցվում էին մեծաքանակ զոհերով:
Փաստաթղթի երկրորդ կարևորագույն նշանակությունն այն է, որ այն, ամփոփելով վերը նշված պետական պաշտոնյաների ստորագրությունները, ըստ էության, իրավաբանորեն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի` դրանց թվում հստակ նշելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այն, որ հարաբերական խաղաղության պահպանման համար պաշտոնական Ստեփանակերտը պատասխանատվություն է ստանձնել` նաև իրավաբանական պատասխանատվություն, ենթադրում է, որ հակամարտության կարգավորման ցանկացած որոշում չի կարող կայացվել` առանց ԼՂՀ իշխանությունների ու նրա ժողովրդի մասնակցության ու համաձայնության:
Սա փաստ է: Եվ այսօր, երբ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել հակամարտության էությունը, անհրաժեշտ է վերստին հիշեցնել այդ մասին: Նույն Վլադիմիր Կազիմիրովը հիշում է, որ 1994 թվականի մայիսին` Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ, ներկայիս համազգային առաջնորդ Հեյդար Ալիևն ամեն կերպ ջանում էր, որ հրադադարի հաստատման մասին համաձայնագրի տակ ԼՂՀ ներկայացուցչի ստորագրություն չլինի: Ասում են` նա անվերջ ժամանակ էր ձգում: Սակայն ԼՂՀ Պաշտպանության բանակի հաջող գործողությունները Թարթառի ուղղությամբ հարևան ժողովրդի և միաժամանակ հարևան պետության ղեկավարի հորը ստիպում են համակերպվել իրականության հետ և ԼՂՀ հետ հրադադարի համաձայնագիր կնքել:
Հրադադար հաստատման մասին համաձայնության երրորդ կարևորագույն հանգամանքն առկա է Վլադիմիր Կազմիրովի վերը մեջբերված մտքում. Համաձայնագիրը լռելյայն անժամկետ է: Ի՞նչ է նշանակում սա: Բանն այն է, որ 1994 թվականի ապրիլի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագրի գործողության ժամկետ նախատեսված չէ (ինչպես նշեցինք, այն ընդամենը չորս կետից է բաղկացած): Այսինքն` համաձայնագրի տակ ստորագրած կողմերը հրադադարի ռեժիմն անժամկետ (այլ կերպ ասած` ընդմիշտ) պահպանելու պարտավորություն են ստանձնել:
Այստեղ ստիպված ենք կրկին մեջբերել Վլադիմիր Կազիմիրովի օրերս արած դիտարկումը. «Ի տարբերություն նախկինում Բաքվի և Ստեփանակերտի միջև կնքված համաձայնագրերի, սրա գործողության ժամկետը ոչ մի կերպ սահմանափակված չէ, այսինքն այն ստորագրված է անժամկետ (լռելյայն): Այն մշակվել է Հեյդար Ալիևի աշխատասենյակում, և նա փայլուն հասկանում էր դա: Ուստի այն պնդումը, թե իբր պատերազմն ավարտված չէ, այլ ավարտված է դրա առաջին փուլը, իսկ առավել ևս ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի ուղղակի սպառնալիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ այս պայմանավորվածության խզում, խախտում, ինչը սուր կերպով կբարձրացնի Ադրբեջանական Հանրապետության պայմանավորվածությունները կատարելու ունակության հարցը»:
Մեկնաբանություններն ավելորդ են: Վլադիմիր Կազիմիրովը` ԼՂ հիմնահարցով երբեմնի միջնորդն, ինքն է հուշում, որ Ադրբեջանի պահվածքը վտանգավոր է, այդ երկիրն ունակ չէ հարգել պայմանավորվածությունները և, հետևաբար, երբ և ինչպիսին էլ լինի հակամարտության վերջնական լուծումը, անհրաժեշտ է բոլոր հարցերի շուրջ հստակ ձևակերպումներ տալ` առանց անորոշությունների ու երկիմաստությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում