ՀՀ-ում հանրակրթությունը եղել է ու պիտի լինի միայն հայերեն և` վերջ. Ազգայնականները նախազգուշացնում են Աշոտյանին
Հայ ազգայնականները հանդես են եկել Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանին զգուշացնող հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է. «ՀՀ կրթության և գիտության ներկայիս նախարարը` քաղաքական«շուկայի» արդյունքում այդ պաշտոնում հայտնված Արմեն Աշոտյանը փորձ է անում ՀՀ-ում վերացնելու հայալեզու կրթությունը: Երևի նա մոռացել է, որ անկախացած ՀՀ-ում նման երեք փորձ եղել է, որոնք ավարտվել են նախաձեռնողների ու նրանց օտար հովանավորների խայտառակ պարտությամբ: Հիշեցնենք` այդ փորձերից մեկի համահեղինակն էր Աշոտյանի նախորդներից և ներկայի ստորադաս պաշտոնյաներից, օպտիմալացման տխրահռչակ "հերոս", Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իր քաղաքական պատեհապաշտությաբ հանրածանոթ Սերգեյ Երիցյանը:
Հայ ազգայնականների համախմբումը համոզված է, որ ՀՀ հանրակրթության համակարգը պարզապես պարտավոր է ՀՀ-ում բնակվող հայ նոր սերնդին տալու բացառապես հայեցի կրթություն, որն անհնար է առանց հայերենի: Հայոց լեզվի հայրենիքի` հայկական գերիշխանության տակ գտնվող և ՀՀ կոչվող այս տարածքում հայ երեխաներին օտարալեզու կրթություն տալու մասին մտածելն անգամ ազգային դավաճանություն է: Իսկ դավաճանների վերջը բոլորիս է հայտնի:
Հայոց հայրենիքը, հայ ազգն ու հայկական մշակույթը եռամիասնություն են, մեկնումեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուս երկուսի, իսկ հայ մշակույթի հիմքերի հիմքը հայոց լեզուն է: Որևէ ոտնձգություն նշված սրբությունների նկատմամբ արժանացել է, արժանանում է ու պիտի արժանանա մեր` ազգայնականներիս վճռական հակահարվածին:
Պարզից էլ պարզ է, որ Աշոտյանի այս նախաձեռնությունը դրսից թելադրված հակազգային հերթական ծրագրի իրականացման փորձ է: Դա կլինի ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, թուրքական, թե…
ՀՀ-ում հանրակրթությունը եղել է ու պիտի լինի միայն հայերեն և` վերջ: Այս տարրական ճշմարտություն-պահանջը չհասկացող և դա չապահովող հայազգի արարածները, լինեն նախարար, թե ավելի վերադաս կամ ստորադաս պաշտոնյա, ունեն մեկ ընտրանք` հրաժարվել իրենց պաշտոններից, այլապես` մենք հենված մեր ազգի առողջ տարրերի ու հավերժական ոգու վրա, պատմության աղբանոցը կուղարկենք նրանց էլ, նրանց առաջ քաշած դավադրական ծրագրերն էլ:
Ձեռքներդ հեռու’ ՀՀ-ում հայկական դպրոցի ու հայերենի բացաձակ գործառնության նկատմամբ ամեն նկրտումներից: Հայոց լեզուն և հայկական կրթությունը ՀՀ-ում դեր ունեն` հայ ազգը: Մի’ թողեք հորդի մեր համբերության բաժակը, որն առանց այն էլ վաղուց լցվել է իշխանության առաջին ջութակ կեղծ ազգայնական-"նժդեհականների" իրարահաջորդ զազիր արարքներից:
Աշոտյանին ու նրա նման մոլորված կամ գիտակցաբար գործող դավադիրներին զգուշացնում ենք և կոչում զգաստության… քանի դեռ ուշ չէ»: