Ադրբեջանում դիպլոմ ունենալու համար պարտադիր չէ բուհ ավարտել
Ադրբեջանի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում Բաքվում բուհերի դիպլոմների կեղծումով և դրանց վաճառքով զբաղվող հանցագործ է ձերբակալվել: Այս մասին Վեստի.ազ լրատվական կայքի փոխանցմամբ՝ հաղորդել են ՆԳՆ լրատվական ծառայությունից:
Առկա տեղեկությունների համաձայն` Իմիշլինի շրջանի բնակիչ Գիաս Մամեդովը Բաքվի Սլավոնական համալսարանի, բանասիրական ֆակուլտետի դիպլոմների կեղծմամբ ու տարածմամբ է զբաղվել, ընդ որում՝ դրանք վաճառելով 5000 ԱՄՆ դոլար գումարով:
Այս պահի դրությամբ` ոստիկանությունը բացահայտել է մի խումբ` տարբեր բնագավառներում աշխատող քաղաքացիների, որոնք Մամեդովից բուհերի ավարտական վկայականներ են գնել:
Այս առթիվ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, հետաքննություն է ընթանում, արդեն պարզ է, որ Մամեդովի անօրինական գործունեույթունից շատերն են օգտվել, որոնց հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության գործողությունները շարունակվում են: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե կասկածներ կան, որ Մամեդովը միայնակ չի աշխատել և այդ ուղղությամբ ևս համապատասխան միջոցառումներ են իրականցվում: