Ա. Ղազարյան. Հայաստանի զբոսաշրջության ոլորտը զարգանալու մեծ պոտենցիալ ունի
«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը սփյուռքահայեր են: Սակայն CAPS-ը կարողացել է օգտագործելով սփյուռքահայերի ներուժն ու իրականացելով մի քանի փորձնական ծրագրեր, օտարերկրացիների մոտ պրոպագանդել Հայաստանն ու ավելացնել զբոսաշրջիկների թիվը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց CAPS ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանը: «Հայաստանում զբոսաշրջային ապրանքների ցանկը բավական մեծ է, որը, սակայն, դեռևս համապատասխան ձևով չի պրոպագանդվում աշխարհում: Հայաստանի զբոսաշրջության ոլորտը զարգանալու մեծ պոտենցիալ ունի»,- ասաց նա:
Ծրագրի տնօրենի խոսքով, Հայաստան են գալիս մարդիկ, ովքեր հետաքրքրված են մշակութային, կրոնական, արկածային զբոսաշրջությամբ: Նա ենթադրում է, որ առաջիկա տարիների ընթացքում Ջերմուկը սպա-տուրիզմի զարգացման ուղղությամբ մեծ հաջողությունների կհասնի:
Պատասխանելով մեր այն հարցին, թե մշակութային հուշարձաններից շատերի ոչ բարվոք վիճակը չի՞ խանգարում մշակութային զբոսաշրջության զարգացմանը, նա ասաց, որ այս ոլորտում սկսվել է որոշակի տեղաշարժ նկատվել: Իրենք իրականացրել են ծրագիր, ըստ որի` մշակութային հուշարձանների շրջակայքում համապատասխան ենթակառուցվածքներ ու տեղեկատվական վահանակներ են տեղադրել: «Կարծում եմ, որ մասնավոր սեկտորը հետաքրքրություն ունի այս հարցում և առաջիկայում շատ խնդիրներ կլուծվեն: Այս ուղղությամբ ուշադրությունը բավական մեծ է»,- ասաց Ա. Ղազարյանը: