«Ժառանգությունը» պահանջում է ապաքաղաքականացնել և ապակենտրոնացնել դպրոցների կառավարումը
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել օտարալեզու դպրոցների կարգավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:
Արդեն 16 տարի է, ինչ Հայաստանն ունի միայն ազգային դպրոցներ, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են մայրենիով: «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը այս փաստը համարում է Երրորդ Հանրապետության դժվարին, արմատական ու կարևոր ձեռքբերումներից մեկը, որի նպատակն է կայացնել ազգային ինքնություն կրող հայ քաղաքացուն ու բարձրացնել հայոց լեզվի` որպես պետական լեզվի դերը: Ցավոք, իրականությունը դեռևս հեռու է այս տեսլականից: «Ժառանգությունը» բազմիցս ահազանգել, բարձրաձայնել է հանրակրթության առկա ցածր մակարդակի մասին, որը վերջերս պատկան մարմինների կողմից փաստվեց նաև թվերի լեզվով:
Օրերս կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծ, որի ընդունումը, ըստ նախագծի հեղինակների, հնարավորություն է տալու հանրապետությունում ունենալ օտարալեզու որակյալ հանրակրթական դպրոցներ:
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցները կարող են լինել միայն ոչ պետական և սահմանափակ թվով ավագ դպրոցներ, որտեղ հայագիտական առարկաները` հայոց լեզուն, գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի քաղաքացիների համար կլինեն պարտադիր, և կապահովվի պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն ու քննություն:
Ընդունելով, որ ժամանակակից աշխարհում մրցունակ կրթություն, գիտատեխնիկական առաջընթաց ապահովող պայման է օտար լեզուների իմացությունը, միաժամանակ գտնում ենք, որ «Հանրակրթության մասին» գործող օրենքը պետական ավագ դպրոցներին արդեն ընձեռում է օտար լեզուների խորացված ուսուցում կազմակերպելու հնարավորություն` ուսումնական պլանի ժամաքանակի 70%-ը տալով ընտրովի առարկաներին:
««Ժառանգությունը» շարունակում է կառավարությունից պահանջել.
1. բարձրացնել ազգային լեզվով դասավանդման որակը ու մայրենիի մակարդակը, ինչը օտար լեզուներին տիրապետելու լավագույն երաշխիքներից է.
2. ապաքաղաքականացնել և ապակենտրոնացնել դպրոցների կառավարումը.
3. բարձրացնել մանկավարժական կադրերի պատրաստման որակը.
4. վերանայել դասագրքերի ստեղծման գործող կարգը, բովանդակությունը.
5. hանրապետության` մանկավարժական կադրեր պատրաստող բոլոր բուհերից պահանջել վերանայել իրենց գործունեությունն ու այն համապատասխանեցնել հանրակրթության որակի բարձրացումն ապահովող ժամանակակից պահանջներին և խստորեն վերահսկել այդ գործընթացը.
6. hանրապետությունում արգելել 2-3 տարի տևողությամբ միջին մասնագիտական կրթության հիման վրա մանկավարժի որակավորում տալու պրակտիկան»,-ասված է հայտարարության մեջ: