«Համագործակցության մասին վաղ է խոսել». կարծում է Երևանում ծնված Ադրբեջանի գյուղնախարարը
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովի կարծիքով, դեևս վաղ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարի մասին խոսել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 27-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարը:
«Դեռևս վաղ է երկու երկրների միջև համագործակցության հեռանկարի մասին խոսել, քանի որ դուք` լրագրողներդ, ավելի լավ գիտեք, որ մեր երկու երկրների միջև խնդիր կա, որն արդեն երկար տարիներ չի լուծվում: Եթե ես չեմ սխալվում, երեկ լրացավ հրադադարի 16-րդ տարին և արդեն 16 տարի է, ինչ այդ խնդիրը չի լուծվում: Ես անկեղծ կասեմ, եթե խնդիրը չլուծվի, ոչ մի հարաբերություններ էլ չեն լինի»,-այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Ի. Աբասովը:
Երևանում ծնված և երկար տարիներ Երևանում ապրած ադրբեջանցի նախարարի խոսքով, եթե սահմանը բացվի ու հիմնախնդիրը լուծվի, ապա. «Եթե ամեն ինչ հարթվի, եթե հողերն ազատագրվեն, եթե հարաբերությունները լինեն այնպիսին, ինչպիսին առաջ էին, ես կարծում եմ, որ համագործակցություն կլինի բոլոր ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության»:
Նա նաև հիշեց, որ խորհրդային տարիներին Արդբեջանը Հայաստան էր արտահանում միրգ, բանջարեղեն: