Ն. Բադալյանը պահանջում է, որ իրեն խոշտանգողները պատժվեն. Ընդդիմությունը ևս շահագրգռված չէ նրա պահանջի կատարմամբ
Հոկտեմբերի 27-ի գործով որպես վկա, ապա մեղադրյալ, 7 ամիս ազատազրկման մեջ գտնված, ապա 2000-ին արդարացված ու 2007-ին ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Նաիրի Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ պահանջում է ազատազրկման ընթացքում իրեն խոշտանգումների ենթարկած մարդիկ՝ մոտ 15-20 մարդ, պատասխանատվության ենթարկվեն ու պատժվեն:
Նրա նկատմամաբ խոշտանգումների կիրառման փաստով դեռ 2002-ին քրեական գործ է հարուցվել, ու մինչ օրս, ինչպես Բադալյանին են պատասխանում, քննություն է իրականացվում: Ն. Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քրեական գործի քննությունը ըստ օրենքի կարող է շարունակվել առավելագունը մեկ ու կես տարի կարող է շարունակվել:
Բադալյանը հայտնեց նաև. «Քննչական մարմնի անգործությունը ու ապօրինի գործողությունները բողոքարկել եմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում»:
Նրա խեսքով դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ ընդունել է, որ խոշտանգումներ իրականացվել են, բայց այս տարվա մարտի 22-ի որոշմամբ մերժել է հայցվորի բողոքը: Ն. Բադալյանը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան:
Ըստ Ն. Բադալյանի, 2002-ին հարուցված քրեական գործի քննության իրավական ընթացակարգով խիստ շահագրգռված չեն քաղաքական երկու կողմերը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը:
«Հայաստանում իրավապահ համակարգը իշխանությունը վերածել է իր քաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի: Դրա համար այդ կառույցը ջարդելու ցանկություն իշխանությունը չի դրսևորում, որպեսզի կարողանա այդ մահակը օգտագործել հետագայում: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա մարդիկ, ովքեր իմ նկատմամբ կատարել են հանցագործություններ անձնական մակարդակում, այսօր նրանց առաջին շարքերում են, սկսած պրոֆեսիանոլ ոսկրաջարդ, սադիստ Մուշեղ Սաղաթելյանից, նույն Ջհանգիրյանով ու մյուսներով»,-ասաց Բադալյանը:
Նա ընդդիմության պարագայում նշած փաստարկները համարեց մեդալի մի կողմը, ապա ավելացրեց, որ ընդդիմությունը չի կարող բացեիբաց ընդունել, որ Ն. Բադալյանը ճիշտ է, քանի որ դա նրանց համար քաղաքական ինքնասպանության նման մի բան կլիներ:
«Նրանք տասը տարի շարունակ իրենց իշխանափոխության հեռանկարը կապել էին հոկտեմբերի 27-ի հետ, մինչև կատարվեց 2008թ. մարտի մեկը: Նրանք ստիպված կլինեն ընդունել, որ այն քաղաքական պրոցեսները, որ ուղեկցում էին հոկտեմբերի 27-ի նախաքննությանը ու դատաքննությանը, իրավական դաշտից դուրս էին ու քաղաքական նպատակներ են հետապնդել, այսինքն նրանք 27-ի վրա սպեկուլյացիաներ են արել»,-ասաց Ն. Բադալյանը, ընդգծելով, որ այնքան էլ ռեալ չէ, որ Հայաստանում մարդիկ կարողանան ընդունել իրենց սխալն ու ներողություն խնդրել արածի համար:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդարացված Ն. Բադալյանն ինչու է ավելի ուշ քաղաքական ապաստան հայցել ու ստացել ԱՄՆ-ում, ապա Բադալյանն ասաց, որ ամեն օր մամուլում իրեն հոգեբանական ճնշման ենթարկելու բնույթի հրապարակումներ էին զետեղվում, այն մասին, թե Տիգրան Նաղդալյանից հետո սպանվելու են Նաիրի Բադալյանը, Ալեքսան Հարությունյանը, խոսում էին այն մասին, թե ինչ եղանակով են սպանելու: Բադալյանն ասաց, որ գիշերային զանգեր ու հարձակումներ էլ են եղել: «Մամուլում ազատ քննարկումներ էին, թե ինչ եղանակով Նաիրի Բադալյանին կսպանեն, և դրանց հեղինակները շարքային մարդիկ չէին»,-ասաց Բադալյանը:
Ի դեպ, Բադալյանն ասաց, որ այն մարդիկ, որոնց մեղադրանք է առաջադրվել իրեն խոշտանգումների ենթարկելու փաստով, ոչ միայն այսօր աշխատում են իրավական համակարգում, այլև կոչումները բարձրացրել են, ինչը հակասում է օրենսդրության պահանջներին: «Ոչ միայն աշխատում են, այլև զգալի առաջընթաց են ունեցել»,-ասաց նա` նշելով Մանուկ Միքայելյանի ու Սմբատ Բուլղադարյանի անունները:
Ըստ օրենքի, նրանց պաշտոնավորումը պետք է կասեցվեր, մինչև ապացուցվեր նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի իսկությունը: Նա անհրաժեշտ համարեց, որ Հայաստանում ընդունվի Իլյուստացիայի մասին օրենք, որի համաձայն կհրապարակվեն նախկին գործակալների անունները և կամրագրվի, որ նրանց նկատմամբ համաներում է լինելու, սակայն կարգելվի, որ նրանք պետական պաշտոններ զբաղեցնեն: