Թուրքիայում կստեղծվի Օմբուդսմանի հաստատություն. Ա. Հարությունյանը Չավուշօղլուին պատրաստակամություն է հայտնել օժանդակել
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները: Այս մասին հայտնեցին մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարոն Չավուշօղլուն հայտնել է, որ սա իր առաջին այցերից է անդամ երկրներ` ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո/ եղել է Մոլդովայում և Ադրբեջանում/: Կարևորելով Պաշտպանի դերը ԵԽ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործում, ԵԽԽՎ նախագահը կարևորել է ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեի զեկույցի առաջարկների կատարման, ընտրական օրենսգրքի կատարելագործման, ինչպես նաև արդարադատության համակարգի բարեփոխման գործընթացները:
Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ներկայացրել է իր 2009 թ-ի տարեկան և Արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցները:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների մասին` Պաշտպանը նշել է հանդուրժողականության մթնոլորտի զարգացման և երկխոսության մշակույթի ձևավորման կարևորությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: Կարևորելով պարոն Չավուշօղլուի պատասխանատու առաքելությունը ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում, Պաշտպանը ընդգծել է տարածաշրջանում համերաշխության և կայունության ապահովման կարևորությունը` որպես մարդու իրավունքների երաշխավորման կարևորագույն նախապայման:
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Թուրքիայում մոտակա ամիսների ընթացքում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում այդ երկրում կստեղծվի Օմբուդսմանի հաստատություն: Արմեն Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակության և հետագա համագործակցության ձևավորման գործընթացում: