Նախագահն ընդունել է Ժակ Դիուֆին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆին: Նա Հայաստանում է` մասնակցելու այսօր Երևանում մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին։ Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ողջունելով համաժողվի անցկացումը Հայաստանում` Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ջանքերն աշխարհում սովահարությունը նվազագույնի հասցնելու և հաղթահարելու գործում: Երկրի ղեկավարը կարևորել է նաև կազմակերպության ներդրած ավանդը գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարձրացման, սննդի անվտանգության ապահովման, գյուղմթերքների արտադրության և, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության զարգացման գործում: Նշելով, որ կազմակերպությունն իր զեկույցներից մեկում բարձր է գնահատել գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը` Նախագահ Սարգսյանն ասել է. «Այդ որոշակի հաջողություններում մենք տեսնում ենք նաև ձեր կազմակերպության դերակատարությունը, դրանք նաև երկկողմ համագործակցության արդյունք են»:
Ժակ Դիուֆը կազմակերպության և նրա անդամ երկրների կողմից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Մենք գոհ ենք Հայաստանի հետ երկկողմ համագործակցության մակարդակից»,-ասել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը` դրա լավագույն վկայությունը համարելով համատեղ իրականացված ծրագրերի ծավալն ու տրամադրված ռեսուրսները: Նա նաև ողջունել է աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը:
Ժակ Դիուֆը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Նախագահ Սարգսյանը համագործակցությունը կարևորել է ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև այն փորձառության, աշխատանքի մշակույթի տեսանկյունից, որ նրանք բերում են Հայաստան: