«Հարավային հոսքի» հարցում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության չեն եկել
Թուրքիան ու Ռուսաստանը «Հարավային հոսք» գազամուղի կառուցման պայմանների վերաբերյալ փաստաթուղթ չեն ստորագրել: Այս մասին հաղորդում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ: Մասնավորապես տեղեկացվում է, որ չնայած նախորդիվ եղած վստահեցումներին, Անկարան ու Մոսկվան համաձայնության չեն եկել ռուս-իտալական գազամուղը Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտիով անցկացնելու պայմանների շուրջ:
«Կոմերսանտ» թերթի տվյալներով, Դմիտրի Մեդվեդևի այցելության ընթացքում ստորագրվել են թվով 17 պայմանագրեր, որոնցով ընդհանուր առմամբ նախատեսվում է մոտ 30 մլրդ դոլարի ռուսական ներդրումներ թուրքական շուկայում: Դրանց թվում է նաև Թուրքիայում ատոմակայանի կառուցման նախագծի վրա 20 մլրդ դոլար ներդնելու մտադրությունը: «Մոսկվայի առատաձեռնությունը պետք է որ Անկարային ստիպեր թույլ տալ «Հարավային հոսքի» կառուցումը, բայց թուրքական կողմը չգնաց դրան»,- նշում է «Կոմերսանտը»:
Միաժամանակ «Վրեմյա նովոստեյ» թերթը նշում է, որ իր հերթին, Մոոսկվան ևս խուսափել է թուրքական կողմին որևէ զիջում անել: «Անկարան Մոսկվայից ոչ մի նոր զիջում` գազի սակագնի իջեցում կամ վերաարտանահման թույլտվություն, չստացավ»,- գրում է թերթն ու կարծիք հայտնում, որ հավանաբար դա է պատճառը, որ շուրջ երկու տարվա անպտուղ բանակցություններից հետո Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են հասել գազի մատակարարման հարցում, իսկ համապատասխան համաձայնությունը պետք է կնքվի հաջորդ շաբաթ Էրդողանի Բաքու կատարելիք այցի ընթացքում:
Ռուսական կողմի համար աննպաստ այս տեղեկությունը միաժամանակ ռուսական քաղաքական վերնախավի մոտ դժգոհությունից բացի, նաև բավարարվածության զգացողություն է առաջացրել: Բանն այն է, որ Մոսկվան «Հարավային հոսքի» այլընտրանքային է դիտարկում Ուկրաինայի ջրային տարածքով անցնող ուղին և այդ ուղղությամբ արդեն գործնական քայլերի է դիմել:
Ինչ վերաբերում է թուրքական շուկայում սպասվող վերաբաշխումներին, մասնավորապես ադրբեջանական գազի ծավալների ավելացման դեպքում ռուսական գազի սպառման նվազմանը, ապա դա ռուսներին քիչ է մտահոգում: Բանն այն է, որ ադրբեջանական գազի սպառումը թուրքական շուկայում էլ ավելի է մթագնում «Հարավային հոսքի» մրցակից «Նաբուկո» նախագծի հեռանկարները: