Թինա Քեյդենաուն Երեվան կայցելի վաղը
Այս օրերին Հարավային Կովկասում այցելություններ է իրականացնում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն: Նախօրեին նա եղել է Բաքվում, իսկ վաղը կայցելի Երևան:
Ադրբեջանում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թինա Քեյդենաուն հայտարարել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում վերջին ժամանակներում բավական մեծ ակտիվություն կա:
«Մենք շատ ակտիվ ենք և շատ ենք գրավված այդ խնդրով, կարող ենք ասել` այս գործընթացում ակտիվ զբաղվածություն ունենք մյուս երկու համանախագահների հետ միասին, այնպես ինչպես երկու երկրները, որ ներգրավված են գործընթացում»,- ասել է նա:
Դիվանագետը նաև անդրադարձել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, և ի հեճուկս պաշտոնական Բաքվի վերջին հակաամերիկյան դրսևորումներին, նշել. «Իմ հիմնական ասելիքն այն էր, որ Միացյալ Նահանգները շատ է հոգ տանում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին, և առաջ ենք նայում լավ ու արդյունավետ գործընկերություն ունենալու համար, որով միասին առաջ կշարժվենք մի շարք տարբեր լուրջ խնդիրների առումով»:
Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին, փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն Երևան կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Աղբյուրի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկվելու են հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ սպեկտրին առնչվող հարցեր:
Իր հերթին Հայաստանի արտգործնախարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպելու է նաև նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: