Կրթությունը Եվրոպա-Հայաստան ինտեգրման բանաձև
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առաքելությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միան հասարակության, այլ նաև քաղաքական շրջանակներում: «Խմբի կատարած աշխատանքը մեծ է, և օգտակարության գործակիցը` բավականին բարձր: Կրթությունն այն հարթակն է, որտեղ կայանում է Եվրոպա-Հայաստան ինտեգրումը և հնարավորություն տալիս ապահովել քաղաքակրթությունների մերձեցումը: Չնայած միջազգային համագործակցության տեսանկյունից նախարարության ներգրավվածությունն առավելագույններից մեկն է, և կրթական վերջին բարեփոխումները միտված են եվրոպական կրթական չափորոշիչների համապատասխանեցմանը, կրթության և գիտության նախարարությունը դեռևս ներգրավված չէ խորհրդատվական առաքելության շրջանակում: Սա է պատճառը, որ ես անցյալ տարի դիմել եմ խնդրանքով` համապատասխան մասնագետ գործուղել նաև նախարարություն: Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի համապատասխան կադրային խնդրի լուծմանը»,-ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ որպես հիմնական առաջնահերթություն` նախարարությունն այս խնդրում կարևորում է ԵՄ կրթական ծրագրերին ՀՀ մասնակցության ընդլայնումն ու համապատասխան ներգրավվածության ապահովումը: Երկրորդ կարևոր նախապայմանը ԵՄ անդամ երկրների հետ կրթության ոլորտում երկկողմանի կապերի ամրապնդումն է:
«Առաջնահերթության տեսանկյունից եթե առաջին նախապայմանը միտված է ինստիտուցիոնալ կարողությունների ընդլանմանը, ապա երկրորդն, իրավամբ, թելադրված է երկկողմանի հարաբերությունների զարգացմամբ»,-նշել է նախարարը` ավելացնելով, որ քանի որ միջազգային, այդ թվում նաև եվրոպական կրթական փորձը տարբեր է իր մոտեցումներով և մեթոդներով, հետաքրքիր կլինի ունենալ ԵՄ կրթական ոլորտի վերաբերյալ արժանահավատ և մասնագիտական բարձր մակարդակի վելուծություն: Ապագա փորձագետին տրվող վերջին ցանկությունը, որի մասին խոսեց նախարարը, վերջինիս նախաձեռնողականությունն ու համագործակցության նոր ծրագրերի, առկա խնդիրների վերհանման կարողությունն է:
Պարոն Բյոնկեն, շնորհակալություն է հայտնել ընդունելութան համար, նշել է, որ առանց որակյալ կրթության` զարգացած տնտեսություն և մշակութային զարգացում ապահովել հնարավոր չէ և կարևորեց համապատասխան փորձագետի առկայությունը նախարարությունում: Այս համատեքստում նա անդրադարձել է ապագա խորհրդատուի աշխատանքային անձնագրի հիմնական պահանջներին` աշխատանքների շրջանակը, առաջնահերթությունները, հիմնական ուղղվածությունը` հավելելով, որ փորձագետի համար անցկացվող բոլոր հարցազրույցներին կմասնակցի նաև նախարարության ներակայացուցիչը և համատեղ ուժերով փորձ կարվի գտնել բոլոր պահանջներին համապաասխանող խորհրդատու:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն խնդիրներին, որոնց շուրջ ակնկալվում է միջազգային փորձագետի մասնագիտական խորհրդատվությունը: