Դավութօղլու. Ղարաբաղի հարցում Թուրքիան ակնկալիքներ ունի ոչ միայն Ռուսաստանից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Սլովակիայի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Անկարան շարունակելու է ավելի ակտիվացնել ջանքերի գործադրումը Թեհրանի միջուկային հարցը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ Դավութօղլուն գոհունակությամբ հիշեցրել է, որ Սլովակիան սատարում և աջակցում է Թուրքիայի եվրաանդամակցությանը:
Ըստ թուրքական «Ջումհուրիյիեթ» (Cumhuriyet) օրաթերթի`մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարին հարցրել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին: Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիան ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև միջազգային հանրությունից ու Մինսկի եռյակից ակնկալում է ավելի ակտիվացնել աշխատանքը հիմնախնդրի լուծմանը հասնելու համար:
Հիշեցնելով, որ Կրեմլի ջանքերով վերջին մեկ տարում քանիցս հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, Դավութօղլուն նշել է.
«Կարող ենք ասել, որ այս գործին արագություն է հաղորդվել և այդ կերպ էլ շարունակվում է: Կովկասը մեր ընդհանուր տարածաշրջանն է: Կովկասում հաստատուն խաղաղության և կայունության ապահովումը բխում է ինչպես Ռուսաստանի և Թուրքիայի, այնպես էլ միջազգային հանրության շահերից: Մենք ուզունք ենք ազատվել բոլոր այդ սառեցված հակամարտություններից: Մեր սահմանները թող ամուր և ապահով լինեն: Թող չքանան փոխադարձ կասկածները: Վստահության մթնոլորտ թող ձևավորվի»: