Անարգանքից զերծ պահելու համար Աթենքի պողոտաներից հանվել են թուրքական դրոշները. Էրդողանը մեկնում է Հունաստան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Հունաստան: Թուրքական լրատվամիջոները կատարվելիք այդ այցն արդեն բնութագրել են որպես պատմական:
«CNNTurk»-ը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետն Աթենք մեկնելուց առաջ պատասխանել է հունական «NET» հեռուստաընկերության լրագրողներին` ասելով.
«Էգեյան ծովը մեզ ոչ թե բաժանող, այլ միավորող ծով պետք է լինի: Երբ Էգեյան ծովում խաղաղություն լինի, ոչ Թուրքիան Հունաստանին կասկածանքով կվերաբերվի, ոչ էլ Հունաստանը` Թուրքիային: Ընդհակառակը: Երկու երկրներն էլ կարիք ունեն փոխվստահության, խաղաղության և համերաշխության»:
Թուրքական մեկ այլ պարբերականի` «Zaman»-ի տեղեկացմամբ էլ` Հունաստանի անվտանգության ուժերն ու ոստիկանությունը արտակարգ միջոցներ են ձեռնարկել Էրդողանի անվտանգությունը կատարելապես ապահովելու համար: Անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել Աթենքի թուրքական դեսպանատանը հարող տարածքում:
Հատուկ հսկողություն է սահմանվել նաև Աթենքում գտնվող թուրքական կազմակերպությունների գրասենյակների շրջակայքում: Նույն աղբյուրի համաձայն` այսօր Հունաստանի մայրաքաղաքում Էրդողանի այցելության կապակցությամբ բողոքի ցույց են կազմակերպելու տեղի հայերը, հույները և «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի համակիրները:
Բողոքի ակցիայի մասնակիցները ծրագրել են քայլերթի դուրս գալ դեպի Հունաստանի խորհրդարան և թուրքական դեսպանատուն:
Ի դեպ` նախօրեին առավոտյան Աթենքի կենտրոնական պողոտաներում Էրդողանի այցին ընդառաջ էլեկտրասյուների վրա բարձրացվել են թուրքական դրոշներ: Օրվա երկրորդ կեսին, սակայն, անվտանգության նկատառումներով, այդ դրոշները ցած հանվել են: Վտանգ կար, որ ազգայնական ուժերը կարող էին անարգել թուրքական դրոշները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան