Հայոց ցեղասպանության հարցը իրանցի պատմաբանների ուշադրության կենրոնում է
Իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը հրապարակել է իրանցի պատմաբան Մոհամմադռեզա Դաբիրիի «Հայոց ցեղասպանություն, թե պատերազմական անհրաժեշտություն» վերնագրով ծավալուն հոդվածը` նվիրված Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը:
Իրանցի պատմաբանը, մանրակրկիտ ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, գրում է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերը սկսվեցին 1894թ. և իրենց գագաթնակետին հասան 1915թ:
«1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կառավարության հրամանով մոտ 300 հայազգի մեծեր` գրողներ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, ինչպիսին Կոմիտասն էր, ձերբակալվում և մահապատժի են ենթարկվում: Այդ օրերին մոտ 5000 ստամբուլահայեր սպանվում են իրենց բնակարաններում, դա Ցեղասպանության սկիզբն էր»,- գրում է պատմաբան Դաբիրին:
Պատմաբանը գրում է, որ Թուրքիան այսօր ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և պատճառաբանում, որ հայերը տեղահանվել են իրենց բնակավայրերից պատերազմական անհրաժեշտությունից ելնելով:
Վերջում հոդվածագիրը թվարկում է այն երկրները, որոնք ճանաչել կամ դատապարտել են թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը:
Անդրադառնալով Իրանին` պատմապանը նշում է. «Իրանի 6-րդ գումարման Մեջլիսի պատգամավորները նույնպես դատապարտել են Ցեղասպանությունը: Իրանի նախկին նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին 2004թ. Երևան կատարած այցի ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էլ 2007թ. Երևանում հայտարարել էր, որ Թեհրանը մարդկության պատմության ընթացքում իրականացված ցանկացած ոճրագործություն դատապարտում է»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան