Ռուբինյան. Օտարալեզու դպրոցի ստեղծումն անկախության տակ դրված դինամիտ է
Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը, ով ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, օտարալեզու դպրոցների ստեղծման գաղափարը ողջունում է, բայց մտահոգություններ ունի օրինագծի վերաբերյալ:
«Հիմա օրինագիծը մշակման փուլում է: Բոլոր մտահոգությունները, որոնք այսօր կան, կփորձենք ամբողջացնել ու բոլոր երաշխքիները կսահմանենք օրենքով, որպեսզի հայրենով մատուցվող կրթությունն իրապես լինի մրցունակ, և մենք չունենանք բևեռներ»,-ասաց Ա. Զաքարյանը:
Նրա հետ այսօր բանավիճելու եկած ՀԱԿ ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը օտարալեզու դպրոցների ստեղծումը համարում է հակասահմանդրական, հակազգային, հակատրամաբանական:
Նա հիշեցրեց, որ Գերագույն խորհրդում այդ հարցը բուռն քննարկվել է, ապա որոշում է կայացվել ու եզրակացության են եկել, որ պետական լեզուն պետք է լինի հայերենը, իսկ հայերի համար օտարալեզու դպրոցների ստեղծումը աբսուրդ է:
«Ես շատ զարմացա, որ նժդեհական գործիչը բերում է այդպիսի դինամիտ ու դեմ տալիս հասարակությանը»,-ասաց Կ. Ռուբինյանը: Ըստ նրա, ազգային կրթությունը դարձնում են անորակ, իսկ օտարալեզու դպրոցի կրթությունը որակյալ: «Սա մերժելի է, սա մեր անկախության տակ դրված դինամիտ է»,-ասաց Կ. Ռուբինայնը:
Ա. Զաքարյանի խոսքով, օտարալեզու դպրոցները պետք է գործիք լինեն աշխարհի փորձն արագ հասկանալու, ընկալելու համար: «Դա չպետք է լինի հայոց լեզվի հաշվին»,-ասաց Զաքարյանը` նշելով, որ այժմ քննարկվում է հարցը, թե որ տարիքից երեխան կարող է հաճախել օտարալեզու դպրոց: