Մայիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Օսլո. «Վատ չենք պատրաստված». Դ. Մնացականյան
Մայիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Օսլո` մասնակցելու «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին, իսկ մայիսի 18-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը կունենա իր առաջին փորձը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, ով նաև պատվիրակության ղեկավարն է:
Պատվիրակության կազմում լինելու է նաև Ջիվան Գասպարյանը: Նրա մասնակցությունը «Եվրատեսիլ»-ին, ինչպես ասաց Դ. Մնացականյանը, հաստատվել է:
Եվա Ռիվասը, ըստ բուքմեյքերական կազմակերպությունների, առաջին հնգյակում է, ինչը նշանակում է, որ նա եզրափակիչ փուլ հայտնվելու մեծ շանսեր ունի:
«Կարծում եմ`վատ չենք պատրաստված. հետաքրքիր շուո է լինելու, դեկորացիները անակնկալ են: Պետք է որ ամեն ինչ լավ ավարտվի»,- ասաց Դ. Մնացականյանը:
Նշենք, որ Եվա Ռիվասը հանդես է գալու «Ծիրանի կորիզ» երգով: Նրա հետ բեմում միաժամանակ լինելու են` Տիգրան Պետրոսյանը, Դորիանս խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը, Մարիամ Մեհրաբովան (բեկ վոկալ):
«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու մայիսի 25-29-ը Օսլայում, որին մասնակցում է 39 պետություն: Հայաստանի ներկայացուցիչը պետք է ելույթ ունենա երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ` մայիսի 27-ին` երկրորդ համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակչի օր ելույթ կունենա 17 երկրի ներկայացուցիչ: Առաջինը հանդես է գալու Լիտվայի ներկայացուցիչը, երրորդը` Իսրայելը, այնուհետև` Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը, իսկ վերջում` Թուրքիան: